Այս օրերին հրատարակվում է իմ «Մանկավարժի օրագիրը»
2017-09-04 04:28:00
Գրքի կազմի վրա ապրիլյան պատերազմով անցած աշակերտների նկարների առկայությունը պատահական չէ: Առաջարկությունը գրքի խմբագիր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ Լուսինե Ղարախանյանի կողմից էր, որը մեծ հիացմուքով ընդունեցի:
Մնում էր ընտրել դպրոցականներին, ովքեր իրենց խոսքով, իրենց շարադրանքներով, կարծիքներով ու առաջարկներով տեղ էին գտել այս գրքում: Բայց երանի հնարավոր լիներ շատերին ընդգրկել...Ամենափոքրիկ դպրոցականը թոռնիկս է՝ Նարեկ Բեջանյանը, ով 4-րդ դասարանում է սովորում: Պատերազմական օրերի փոքրիկ նկուղաբնակը, ով ապրեց ապրիլի 2-ի տագնապը, իսկ երբ մի քանի օրով տարհանվածներս վերադարձանք ոչ հեռավոր գյուղից, Նարեկը մեզ հետ էր, մենք միասին ապրեցինք ապրիլյան քառօրյայից հետո հաջորդ օրերի Մարտակերտի հրետակոծության սարսափները, որոնք տեղ գտան այս գրքում:
Իմ դասղեկական 8-րդ ա դասարանից ընտրվեց Արցախյան պատերազմի մարտական փառավոր ճանապարհ անցած ազատամարտիկի որդի Գևորգ Պետրոսյանը, ով բազմիցս հուզել է բոլորիս նահատակ հոր մասին իր խոսքերով, նրա հիշատակի հանդեպ ցուցաբերած խորին ակնածանքով: Գևորգի կողքին նկարում տեղ են գտել Մերի Հովհաննիսյանը և Անի Մկրտչյանը, ովքեր ասմունքի մրցույթների ակտիվ մասնակիցներ են, նաև տեղ ունեն գրքում իրենց մտորումներով: Այդ նույն դասարանում սովորող Արմինե Մանուկյանի հայրը ամիսներ առաջ սահմանին զոհվեց, տարբեր նյութեր կան, որ նրա օրինակով առնչվում ենք նաև դեռահասների դաստիարակությանը: Հայաստանից մեզ մոտ տեղափոխված Մանե Հակոբյանի արցախաբույրը մի նոր ստեղծագործական երանգ է բերում իր հետ, որ մերժում է պատերազմը, երազում մի նոր խաղաղ կյանք:
9-րդ բ դասարանից ընտրվեցին Արեգ Ստեփանյանը և Մերի Հակոբջանյանը, ովքեր իրենց անկեղծ մտորումներում բացահայտում են ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների յուրահատուկ օրինակ, պատերազմական օրեր կան նրանց ապրումներում, իրենք էլ բացառիկ կարգապահության դրսևորման կերպարներ են:
12-րդ դասարանից Սեդա Գրիգորյանը և Լուսինե Հակոբյանը տարբեր շարադրությունների մրցույթներում առաջնային տեղեր զբաղեցրած աշակերտուհիներ են, ովքեր իրենց ստեղծագործական մտքերով, պատերազմական օրերի լուսաբանմամբ ուշադրության են արժանանում գրքում: Մերի Օհանյանը նախորդ ուսումնականում բարձրաձայնեց իր շարադրության մեջ հայոց քրիստոնեական առաջին երկրի հարատևության ճանապարհը: Նարինե Գրիգորյանն անցած տարի բազմաթիվ նյութերում հայոց զինվորի կողքին էր՝ իր պարզ ու անմիջական կերպարով:
Այս տարվա շրջանավարտներն անցած ուսումնականում՝ դեռևս 12-րդ հումանիտար դասարանում սովորելիս, ամենաակտիվն էին գրքերի քննարկումներում, գրական-երաժշտական ցերեկույթներում, նաև երևացին իրենց ազնիվ ու անկեղծ ապրումներով, սրտի անհանգիստ տրոփյուններով, տարբեր կարծիքներով, ուսուցիչների հետ ունեցած մտերմիկ հարաբերությամբ...Այստեղ տեղ գտան Լիլիթ Հովսեփյանը՝ բազմաթիվ արձագանքներով, Անուշ Դանիելյանը՝ իր ընթերցասիրությամբ, Աննա Խաչատրյանը՝ երգելու լավագույն շնորհքով, Դավիթ Հարությունյանը՝ ասմունքի մրցույթներում և առարկայական օլիմպիադաներում ունեցած ձեռքբերումներով, նաև՝ Անգելինա Անդրյանը, Լադա Արզումանյանը և Արմինե Կարապետյանը՝ իրենց պատերազմական օրերի ապրումներով, շարադրությունների մրցույթներում ունեցած առաջնայնությամբ:
Մեր շրջանավարտներից երգելու տաղանդով օժտված Սերգեյ Զաքարյանը ապրիլյան պատերազմից հետո աշխարհին պարզեց իր կոչը, որով «ո՛չ» էր ասում պատերազմին: Շուշան Հարությունյանի գաղափարի զինվորի մասին շարադրությունը մի նոր հաղթանակ էր, Գայանե Հայրապետյանի խոսքերը հնչեցին՝ որպես պատերազմ տեսած հայուհու հզոր աղաղակ, Կարինե Աղասյանի արցունքախառն երգի հնչյունները սահմանից եկող կրակոցների արձագանքների տակ հայրենասիրության ոգեղեն օրինակ դարձան:
Հնարավոր չէր գրքում ընդգրկված բոլոր աշակերտների նկարները տեղադրել, բայց յուրաքանչյուրը յուրովի իր կերպարով մի նոր դիմագիծ է ստեղծում դեռահասի իր տարիքային առանձնահատկությամբ և համոզված եմ, որ նրանք բոլորն էլ արժանվույնս կսիրվեն ընթերցողների կողմից:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 17429 անգամ