Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որի վրա փորձում են ազդեցություն ունենալ բազմաթիվ խաղացողներ, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը, ով հրաժարական էր տվել 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915 թվականի հայերի կոտորածը ցեղասպանություն էր:
«Յուրաքանչյուրը ազդում է մյուսի վրա, եւ յուրաքանչյուրը նոր գործընկերներ է փնտրում, սակայն, յուրաքանչյուր նոր գործընկեր կարող է ձեռք բերվել այլ գործընկերների կորստի գնով», - ասում է Մահչուփյանը:
Մահչուփյանի խոսքով, տարածաշրջանում վերջին զարգացումներից հետո առնվազն մեկ-երկու տարի կպահանջվի իրավիճակը բալանսավորելու համար:
«Կարծում եմ, այս իրավիճակում կարեւոր է պատրաստ լինել միաժամանակ բազմակողմանի իրադարձությունների, եւ Հայաստանն անշուշտ դրան պատրաստ է», - ավելացրել է նա:
Էթյեն Մահչուփյանի խոսքով, մոտ ժամանակներում Ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վրա լուրջ ազդեցություն կարող են ունենալ Սիրիայում եւ Իրաքում իրավիճակի սրումը կամ Ադրբեջանում իշխանափոխությունը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Մահչուփյանի խոսքով, Անկարան այսօր փորձում է զերծ մնալ ցանկացած նոր ռազմական բախումներից:
Ավելի վաղ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի՝ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները։
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում ընդգծում էր ԱՄՆ-ի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Որպես խաղաղության հաստատման հավելյալ միջոց, Միացյալ Նահանգներն առաջարկում է ընդլայնել ժողովուրդների միջեւ երկխոսությունը: Ինչպես նշել էր պետքարտուղարի օգնական Ջոն Քըրբին, հայերն ու ադրբեջանցիները միմյանց կողքի են ապրել սերունդներով եւ խաղաղության հասնելու համար նրանց անհրաժեշտ է կրկին անգամ սովորել վստահել միմյանց:
Այս նյութը դիտել են - 1380 անգամ