Ամերիկացիներն այսօր գլխավոր խնդիրը համարում են ազգային անվտանգությունը
2016-01-23 09:12:00

Սիրիայում շարունակվող հակամարտությունը եւ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման՝ Դաեշի դեմ պայքարը դարձել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար ամենամեծ խնդիրը։ Իսկ այդ հարցերի շուրջ քննարկումները հայտնվել են նախագահական ընտրարշավում հավակնորդների ուշադրության կենտրոնում։

Հանրապետական կուսակցությունից գլխավոր հավակնորդ Դոնալդ Թրամփը խոստանում է ոչնչացնել Դաեշին ու բոլոր ջիհադիստներին։ Նրա խոսքերով, ՝՝Հարկավոր է, որ մենք լինենք ավելի կուռ ու ավելի ուժեղ։ Մեզ այլեւս չեն հարգում որպես պետություն, եւ այեւս չենք վայելում այն հարգանքը, որն ունեցել ենք անցյալում։ Ու եթե մենք դա արագ չվերականգնենք, շարունակելու ենք թուլանալ ու մասնատվել՛՛։

Թրամփի գլխավոր մրցակից, Թեքսասը ներկայացնող սենատոր Թեդ Քրուզը կողմ է Ամերիկայի կողմից իրականացվող օդային գրոհներին։
՝՝Օբաման ներկայումս իրականացնում է օրական օդային 15-ից 3Օ գրոհ, ինչը պարզապես ցուցադրական արտաքին քաղաքականություն է։ Սակայն հարկավոր է, որ մենք իրականացնենք օդային լայնածավալ հարվածներ, հարկավոր է զինել քրդերին ու հարկավոր է, որ մենք ոչնչացնենք Դաեշի զինյալներին, որտեղ էլ որ նրանք լինեն՛՛, ասում է նա։

Սակայն Ֆլորիդան ներկայացնող սենատոր Մարկո Ռուբիոն պնդում է, որ կարեւորն այս պայքարում միջազգային ցամաքային ուժերն են։ ՝՝Օդային գրոհներն իհարկե նրանց պարտության մատնելու կարեւոր միջոց է, սակայն նրանց լիովին պիտի ջախջախեն ցամաքային ուժերը, որոնք հիմնականում պիտի կազմված լինեն սուննի արաբներից։

Ռուբիոն նաեւ պաշտպանում է Սիիրայում իշխանափոխության գաղափարն այն դեպքում, երբ հակառակ կարծիքն ունեն Քրուզն ու հանրապետական հավակնորդ Ռենդ Փոլը։

Ինչ վերաբերում է դեմոկրատ հավակնորդներին, պետք է ասել, որ ներկայումս առջեւում գտնվող Հիլարի Քլինթընը նույնպես կողմ է ավելի ուժեղ ռազմական գործողություններին, սակայն՝ առանց ամերիկյան մեծաթիվ ուժերի ներգրավվման։

Նրա գլխավոր մրցակից, Վերմոնթից սենատոր Բերնի Սենդըրսը համաձայն չէ Սիրիայում իշխանափոխության մասին Քլինթընի տեսակետների հետ։

՝՝Ոչ թե Ասադն է հարձակումներ իրականացնում ընդդեմ ԱՄՆ-ի, այլ Դաեշը։ Դաեշն է հարձակումներ իրականացնում Ֆրանսիայում ու ընդդեմ ռուսական օդանավի։ Եվ մեր նպատակն առաջին հերթին պիտի լինի Դաեշի ոչնչացումը՛՛։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, ահաբեկչության դեմ պայքարը եւ ազգային անվտանգությունը շարունակելու են մնալ նախագահի պաշտոնի հավակնորդների միջեւ բանավեճի գլխավոր առարկա։

Այս նյութը դիտել են - 1200 անգամ