Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
2017-09-11 04:00:00

NewsBook-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը:

- Սեպտեմբերի 13-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հերթական նիստն է: Դուք տարիներ շարունակ, չնայած Ձեր չափազանց զբաղվածությանը, նաև այսօր էլ, շարունակում եք նախագահել այդ կոմիտեն: Ուստի` նախ կուզենայի մանրամասնել`ի՞նչ հարցեր եք քննարկելու առաջիկա նիստին:
- Գիտեք ես երբեք աշխատանքից չեմ հոգնում, առավել ևս եթե այն սրտովս է: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հիմնադրել են Աշոտ Մելիք Շահնազարյանը, Ալբերտ Բոյաջյանը, Հրանտ Բարդակչյանը: 1999 թվականին կազմակերպվեցին առաջին խաղերը և հենց այդ թվականից մշտապես եղել եմ կազմակերպիչներից մեկը: Ես և տարբեր տարիների իմ գործընկերները կայացրել ենք այդ խաղերը: Կատակ բան չէ Համահայկական 6-րդ խաղերը ունեցել են 6500 մասնակիցներ: Մեծ սպորտում ամառային օլիմպիական խաղերի մարզիկների թիվը տատանվում է 10 000-ի սահմաններում:

Դուք իրավացի եք, դա շատ ծանր բեռ Է և հսկայական ժամանակ է պետք հատկացնել դրանց իրականացման համար:

Երևի թե ժամանակն է, որպեսզի մշտական և արհեստավարժ կառույց ստեղծվի մարզական այդ խաղերի կազմակերպման նպատակով: Անկեղծ ասած ես դեռևս 6-րդ խաղերից 2 տարի առաջ առաջարկեցի, որ ինձ փոխարինող գտնեն, սակայն իմ գործընկերները պնդեցին, որ Մեծ Եղեռնի 100-ամյակի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում համահայկական խաղերը չափազանց կարևոր էին. Հայաստան էին ժամանելու եղեռնազարկ ժողովրդի  սերունդները և Հայաստանի Հանրապետության նախագահը խնդիր էր դրել բարձր մակարդակով անցկացնել տարվա ամբողջ ծրագրերը:
Այն բարձր նշաձողը, որ դրվեց Վատիկանում Հռոմի պապի մասնակցությամբ պատարագի արարողության ժամանակ պարտավորեցնող էր: Կարծում եմ` մենք տարին ավարտեցինք վատիկանյան շնչով և հայկական պատվով:
Հիմա Ձեր բուն հարցադրման մասին. սեպտեմբերի 13-ին քննարկելու ենք 2018թ. փետրվարին Ծաղկաձորում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի, ինչպես նաև ամառային յոթերորդ խաղերի հետ կապված որոշ հարցեր: Ի միջի այլոց յոթերորդ խաղերը կարևոր են երկու առումով: Առաջինը, որ այն անցկացվելու է Ստեփանակերտում, երկրորդ, որ 2019թ. լրանում է համահայկական խաղերի հիմնադրման 20 տարին:
- Պարոն Զաքարյան, շատերի կարծիքով հատկապես տպավորիչ էին Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման արարողությունները: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը:
- Գաղափարը կար դեռևս 5-րդ խաղերի ժամանակ: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով ընթացող մարզական խաղերը լիակատար ամբողջություն դարձան հենց 2015 թվականին:
Շուշիում, Անթիլիասում և Ախթամարում վառված ջահերը մեկտեղվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Չեմ ուզում մանրամասների մասին խոսել, որովհետև շատ-շատ է գրվել և ցուցադրվել, բայց կային դրվագներ, որոնք հենց տեղում էին ծնվում, օրինակ Վանի քաղաքապետի հետ կրակի վառման արարողությունը Աղթամարի Սուրբ Խաչում, կամ Հայոց եռագույնի խոնարհումը Գևորգ Չաուշի գերեզմանին: Տարիներ առաջ ծնված գաղափարը այլևս իրականություն էր:
Ես իրոք շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք ամիսներ շարունակ աշխատում էին ծրագրի վրա:
- Մեր այս հարցադրումը զգայուն է, միաժամանակ շոշափում է հետաքրքիր մի դրվագ: Արևմտյան Հայաստանում Դուք գտաք Ձեր պապերի տունը Իգդիրում: Դրա մասին գրել է Մերուժան Տեր Գուլանյանն իր հուշ-հոդվածում: Հետաքրքիր են Ձեր զգացողությունները` կկիսվե՞ք:  
- Երբ ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, հորս մեծ տատը 94 տարեկան էր, ծնվել էր 1885թ. Դաշբուռուն գյուղում (Իգդիր): Ապրեց 106 տարի: Ոչ միայն ես, այլև իմ ուսանողական ընկերներից մի քանիսը շատ էինք լսել նրա հիշողությունները անցյալի, մեր տան, մեր գյուղի մարդկանց մասին:
Հորս տատը ամեն անգամ ինչ որ պատմում էր, վերջում միշտ ասում էր. «Մեր տունը իրեք օթաղ ուներ (երեք սենյակ), ճամբխի (ճանապարհի) կողքն էր, վանքից խարիր (հարյուր) մետր հեռու, կարմնջի (կամուրջ) գլխին»:
Երբ մտանք գյուղ, առաջինը փնտրեցինք եկեղեցին, որը ցավոք սրտի մզկիթ էր դարձել: Հետո գտանք տունը` ճիշտ ճանապարհի կողքին, կամրջի գլխին և եկեղեցուն շատ մոտ: «Տանտերը» տարիքով մեծ կին էր, մեզ դիմավորեց և առաջին նախադասությունը հետևյալն էր. «Էս տունը Հայի տուն էր»: Ռոլանդ Շառոյանը ավելացրեց. «Այստեղ ո՞ր տունը հայի չէր»:
Հետո եղավ այն, ինչ եղավ: Դժվար է հիմա նկարագրել կամ խոսել այն զգացողությունների մասին, որ ունեինք ես կամ ընկերներս` Ռոլանդ Շառոյանը, Մերուժան Տեր Գուլանյանը, Աշոտ Մելքոնյանը, Էդիկ Մինասյանը և մյուսները:
- Ո՞րը եղավ Ձեր առաջին արձագանքը կամ գործողությունը այդ ոչ ստանդարտ իրավիճակում:
- Ի՞նչ արեցի: Զանգահարեցի որդուս, ասացի, որ գտել եմ մեր պապերի տունը, որ հիմա տան շեմին նստած թթի օղի եմ խմում: Ասացի նաև, որ ընկերներս տան ավերված սենյակներից մեկի փլատակներից պրիմուսը գտան` վրան խաչ և սանդի քարը: Տղաս ասաց. «Պապ դրանք հետդ կբերես»: Բերեցի, հիմա մեր տան մի անկյունում դրված են:
Էս ամենը լավ էր: Դժվարը հեռանալն էր: Վերջին բաժակ օղին խմելիս, Մերուժան Տեր Գուլանյանը շատ տպավորիչ բան ասաց. «Տղերք մեր մի սերունդը կգա ու այլևս այստեղից չի գնա»: «Տա Աստված, Մերուժ ջան»,- ասացինք բոլորս ու շարժվեցինք Վան:
Շարունակությունը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 73690 անգամ