«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանենց պայքարի եւ ՀԱԿ-ի կողմից դրան բավականին զգուշավոր մոտեցման ֆոնին նոր մանրամասներ են ի հայտ գալիս՝ այս տարվա փետրվարյան դեպքերին առնչվող, երբ ՀԱԿ-ը կրկին ոչ միայն զգուշավոր, այլեւ խիստ բացահայտ հայտարարել էր, որ դա իր խաղը չէ, երբ եռյակով` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց թիմերով` Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Ռազմիկ Պետրոսյան, Արմեն Մարտիրոսյան, Վարդան Օսկանյան, հանդիպել էին ԲՀԿ առաջնորդին վերջինիս Առինջի «օֆիսում», Սերժ Սարգսյանի` ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած հայտնի ելույթից հետո` քննարկելու իրենց հետագա քայլերը:
Նախ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասել, որ իրենք չեն պատրաստվում չարտոնված գործընթացների մասնակից լինել, ապա նույն միտքը երկրորդել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, քանզի փետրվարի 20-ի «հուժկու» հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանը չէր արտոնել:
Միայնակ մնացած Գագիկ Ծառուկյանը ձայն չէր հանել։ «Հաջորդ օրը նա կարդաց իր հայտնի հայտարարությունը` խաղից դուրս գալու մասին, չնայած ես հաստատապես այն կարծիքին եմ, որ եւ Տեր-Պետրոսյանը, եւ Րաֆֆին, եւ այլք չէին ցանկանա, որ նա դա աներ, ուզում էին շագանակները նրա ձեռքով կրակից հանել, որովհետեւ մտածում էին, որ պարտիան անչափ հեռու էր գնացել, եւ Գագոն պետք է «ադին նա ադին» մնա Սերժի հետ. Գագոն խելամիտ գտնվեց, ինքը նրանց ֆուկ արեց»,- պատմեց ՀԱԿ մեր աղբյուրը»:
Այս նյութը դիտել են - 1672 անգամ