« Politik.am »-ը գրում է. Հայաստանում վերջին ամիսներին քրեական իրավիճակը բավական լարված է:
Հանրապետության տարբեր քաղաքներում, տարբեր ժամանակներում տեղի են ունենում զինված ռազբորկաներ, որի ժամանակ նաև զոհեր են լինում:
Այս իրավիճակը խոսում է ՀՀ ոստիկանության ոչ էֆեկտիվ աշխատանքի մասին:
Փորձենք հիշել աղմկահարույց մի քանի սպանություններ և փոխհրաձգություններ, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում:
Հունիսի 13-ին Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։ Փիրուզյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։ Ըստ շրջանառվող լուրերի, Կամո Փիրուզյանը՝ Վարդան Փիրուզյանի եղբայրն է, որը հետախուզվում է 2 անձի սպանության մեջ:
Հունիսի 25-ին, ժամը 23․00 մոտակայքում Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որին, նախնական տվյալներով, մասնակցել էին 34-ամյա Արտյոմ Ղազարյանը, 31-ամյա Կարեն Սարգսյանն ու տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը։ Ոստիկանությունը պարզել է, որ Գեորգի Հակոբյանին հրազենային վնասվածք է պատճառել Արտյոմ Ղազարյանը։ Հիշեցնենք, որ նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի քրոջ որդին է, որը նույնպես օրենքով գող է։
Հունիսի 21-ին, կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 108/7 հասցեում գործող խանութի մոտ կրակոցներ են հնչել: ժամը 14:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «գլխի հրազենային վնասվածք» աշխոտրոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հունիսի 24 -ին ժամը 23:00-ի սահմաններում անհայտ անձը Էրեբունի վարչական շրջանում կրակոցներ է արձակել Ազատամարտիկների 4-րդ նրբանցքի 6-րդ տան ուղղությամբ` կրակելով պատուհանին:
Կրակոցների արդյունքում նշված հասցեից ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ոստիկանության ծառայողական մեքենայով` թևի մասում ստացված հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանց են տեղափոխել 26-ամյա Վահագն Գրիգորյանին:
Հուլիսի 27-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակարաններից մեկի ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։
Օգոստոսի 1-ին ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ էր ստացել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել էր 4 մարդ, վիրավորվել՝ 5-ը:
Երեւան-Սեւան ավտոճանապարհին օգոստոսի 14-ին, կրակոցներ էին հնչել: Shamshyan.com-ի փոխանցմամբ կրակոցների հետևանքով վիրավորվել է 24-ամյա Հայկ Տիշինյանն է: Նրան մարմնական վնասվածքներ է պատճառել Գուրգեն Մեխակյանը:
Սեպտեմբերի 12-ին կրակոցներ հնչեցին Էջմիածին քաղաքում: Կրակոցների հետևանքով սպանվել էր երկու քաղաքցի: մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն սպանությունները կարող էին կապ ունենալ քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մահափորձի հետ:
Սեպտեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 1 մարդ տեղում սպանվել է, 1-ը վիրավորվել է ու հեռացել դեպքի վայրից:
Սա իհարկե տեղի ունեցած սպանությունների ամբողջական ցանկը չէ, սրանք այն սպանություններն են, որոնք տեղի են ունեցել հրազենի կիրառմամբ: Սակայն այս ամենն էլ բավական է հասկանալու համար, որ ոստիկանությունն իր տեղում չէ:
Այս նյութը դիտել են - 10211 անգամ