Սեպտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան - Սփյուռք 6-րդ համաժողովի չորս ուղղություններից մեկի՝ արտաքին քաղաքականության 2-րդ թեմատիկ նիստը, որին «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթաց» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:
Իր ելույթում արտգործնախարարը, մասնավորապես, ընդգծեց. «Մի քանի ամսից նշվելու է ղարաբաղյան շարժման երեսնամյակը։ Հիրավի նշանակալի մի տարեթիվ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրյա զարթոնքը, պայքարը հանուն ազատության ու արդարության, հանուն մեր իրավունքների պաշտպանության, խորհրդանշում է մեր հավաքական կամքն ու միասնությունը։
Երեք տասնամյակն էական մի ժամանակաշրջան է, որը հնարավորություն է տալիս, հետհայացք գցելով, գնահատել անցած ճանապարհը, կատարել որոշ ընդհանրացումներ: Այսօր ես կցանկանայի ընդհանուր գծերով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման հարցում Հայաստանի մոտեցումներին, որոնք տարիների ընթացքում հանդիսացել են մեր հիմնական ուղենիշերը, և համոզված եմ՝ հետագայում ևս շարունակելու են ուղղորդել մեր ջանքերը»:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Էդվարդ Նալբանդյանն առանձնացրեց Հայաստանի հիմնական մոտեցումները, որոնց վրա խարսխված են մեր համատեղ ջանքերը: Դրանք են՝ ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծման հասնելու հայկական կողմի հանձնառությունը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորումը, բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, կառուցողական քայլերը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականացումը, բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցությունը, Արցախի ու նրա ժողովրդի իրավունքների մասին միջազգային իրազեկվածության բարձրացումը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց այն հանգամանքը, որ այսօր բանակցային գործընթացի շուրջ հայկական կողմերի մոտեցումները լիովին համահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը: Նախարարը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերի արդյունքում կհաջողվի հասնել հիմնահարցի արդար հանգուցալուծմանը ու տևական խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
«Նման վստահության ամենամեծ գրավականը Արցախն է, որն ապացուցել է ժամանակակից հասարակություն, ժողովրդավարական հաստատություններ, օրենքի գերակայության վրա հիմնված գործուն կառավարման համակարգ ունենալու իր կարողությունը: Արցախն է` իր զինված ուժերով, որը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին: Արցախն է՝ ազատության ողջ բույրը վայելած իր անպարտ սերնդով: Արցախն է, որն այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ «ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ»,- իր խոսքը եզրափակեց ԱԳ նախարարը:
Այս նյութը դիտել են - 9453 անգամ