Ումից է ստացել հանձնարարականը կրթության և գիտության նախարարը դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին Hayeli
2017-09-21 16:24:00

«Հայելի»-ն գրում է.

Ռուսաց լեզվի հայեցակարգի շուրջ բարձրացած աղմուկը հետաքրքիր նրբերանգ է ստանում: Սեպտեմբերի 21-ին անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ  դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին իր կողմից հանձնարարական չի եղել:

Սրանով կրթության և գիտության դաշնակցական նախարարը, մեղմ ասած, տհաճ իրավիճակում է հայտնվել, որովհետև հանրային քննարկման ներկայացված ռուսաց լեզվի դասավանդման զարգացման հայեցակարգի հիմնավորման մեջ նշվում է, որ փաստաթուղթը մշակվել է՝ ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի:

Հիմա, եթե Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ իր կողմից նման հանձնարարական չի եղել, ստացվում է, որ կա՛մ ԿԳՆ-ն խեղաթյուրել է իրողությունը՝ անհարկի շահարկելով վարչապետի անունը, կա՛մ էլ այդ հանձնարարականը եղել է ավելի բարձր ատյանից՝ նախագահականից: Խնդիրն իրականում այն չէ, թե ԿԳՆ-ն կոնկրետ որ վերադաս օղակից է ստացել հայեցակարգի մշակման հանձնարարականը, տվյալ պարագայում դա կարող էր լինել և՛ կառավարությունը, և՛ նախագահականը:

Թերևս առավել կարևոր է, թե ով է այդ հանձնարարականի հեղինակը: Ակնհայտ է, որ պահանջը դրված է Կրեմլի կողմից, և հենց սա է խնդրի քաղաքական էությունը: Իսկ թե որ օղակի միջոցով է դա տեղայնացվել, այս պարագայում տեխնիկական հարց է: Հայեցակարգը հանրային քննարկման է ներկայացվել կրթության և գիտության նախարարության կողմից: Մինչ հայեցակարգը, երբ դեռ Կարեն Կարապետյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, նա կառավարության նիստերում մի քանի անգամ հրապարակավ հայտարարեց, որ դպրոցներում պետք է բարելավվի լեզուների ուսուցումը, և դպրոցն ավարտած հայ երեխան պետք է առնվազն լավ տիրապետի ռուսերենին և անգլերենին: Բնականաբար վարչապետի այս պահանջները կրթության նախարարության համար հանձնարարականներ են եղել: Եղել է կոնկրետ ռուսերենի զարգացման հայեցակարգի հանձնարարական, և այն, ինչ տեսքով է եղել, թերևս տեխնիկական խնդիր է: Հատկանշական է սակայն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, լինելով Կրեմլի կադր, հրաժարվում է հանդես գալ ռուսերենի զարգացման պաշտպանի դիրքերից: Հնարավոր է, որ սա ներիշխանական հակասությունների, տվյալ դեպքում Կարեն Կարապետյանի Լևոն Մկրտչյանի հանդեպ ունեցած վերաբերմունքի արդյունքն է:

Ի վերջո, նախարարն ու նախարարությունը ենթարկվում են վարչապետին ու կառավարությանը, և հազիվ թե Լևոն Մկրտչյանը ինքնագլուխ նման հանձնարարական տված լիներ իր ենթականերին: Ստացվում է, որ կրթության և գիտության նախարարությունը կամ այս հանձնարարականը ստացել է Սերժ Սարգսյանից կամ էլ միանգամից Կրեմլից: Մի անգամ արդեն ռուսերենի դիրքերն ամրապնդելու փորձը, ի դեմս օտարալեզու դպրոցներ ունենալու օրենսդրական նախաձեռնության տապալման, դառը ճակատագիր է ունեցել: Ռուսերենի հայեցակարգը կարծես թե նույն բախտին է արժանանալու, և հիմա քաղաքական ապտակներից խուսանավելու խնդիր կա:

Այս նյութը դիտել են - 8029 անգամ