Դպրոցի տնօրեն, ով իմ համակուրսեցին է եղել2017-09-22 14:17:00
Մելսիկ Արամայիսի Զաքարյանը Հրազդան քաղաքի հ. 11 հիմնական դպրոցի տնօրենն է, ում տարիների հեռվից եմ տեսնում՝ դեռևս ուսանողական օրերից: Աշխատասեր ու պրպտուն իմ համակուրսեցին նաև մեր ավագն էր: Ես նրան չճանաչեցի, երբ ֆեյսբուքյան տարածքում ընկերությունն ընդունեցի, բայց նորից տարիքը եկավ զգացնել տալու իրեն, որ երեքուկես տասնամյակ է անցել բուհն ավարտելուց հետո, և զարմանալ պետք չէ, որ տարիներն իրենց կնիքն են դրել մեզ վրա, և յուրաքանչյուրս ունենք մեր ընտանիքը, իսկ այնտեղ երեխաների կողքին ծլարձակում են նաև մեր թոռնիկները:
Դա անակնկալ էր, որ ինձ տարավ դեպի այն անցած ուսանողական տարիների հիշողությունները... Այնքան էլ կարևոր չէր՝ ափսոսա՞նք կար այդ անդարձ գնացած օրերի համար, թե՞ հպարտության զգացումն էր գերիշխում հոգումս, որ երկար տարիների դպրոցի տնօրենի աշխատանք է վարում Մելսիկ Զաքարյանը, երբ նրան խնդրեցի ներկայացնել իր մանկավարժական գործունեության մասին՝ անմասն չթողնելով նաև այն դպրոցը, որտեղ մեծագույն վաստակ ունի նա:
1982 թ-ին մենք երկուսս էլ գերազանցության դիպլոմով ավարտեցինք Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը: Հաջորդ տարիների նրա աշխատանքային գործունեության մասին տեղեկանում եմ Մելսիկ Զաքարյանից, որ նույն թվականի սեպտեմբերից մանկավարժական աշխատանքի է անցել Հրազդանի Ավ. Իսահակյանի անվան հ. 9 միջնակարգ դպրոցում՝ որպես ուսմասվար և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ:
1993-ից նշանակվել է Հրազդան քաղաքի հ.11 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ աշխատում է մինչև օրս: Զբաղվել և զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ, բազմիցս ընտրվել է քաղաքի ավագանու անդամ: Մի շարք հոդվածների հեղինակ է: Իր մանկավարժական գործունեության ընթացքում պատկան մարմինների կողմից բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի: 2016 թ. մասնակցել է «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթին և «Գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգում հաղթող ճանաչվել: Նաև ուսանողական տարիներից հիշեցի Կարինե Ստեփանյանին, ում հետ գեղեցիկ ընտանիք է ստեղծել, նա էլ ուսուցչուհի է, ունեն երկու տղա և երեք թոռնիկ:
Իսկ դպրոցի պատմության մասին տեղեկացա, որ «ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հ. 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնվել է 1970 թ. որպես միջնակարգ դպրոց: 2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ այն անվանակոչվել է հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանի անունով: Հետագայում՝ 2009 թ.-ից «Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 1 հատուկ /օժանդակ/ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է՝ միացվելով այդ դպրոցին` դառնալով հատուկ կրթության ստորոբաժանում:
2012 թ. ՀՀ կառավարության որոշմամբ «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան հ. 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակառուցվել է որպես հիմնական դպրոց: 2014թ. դպրոցն իրականացնում է նաև ներառական կրթություն: Դպրոցում աշխատում է 51 ուսուցիչ, նրանցից մեկը ՀՀ վաստակավոր մանկավարժ է: Ստորաբաժանումում աշխատում է 7 ուսուցիչ: Աշակերտների ընդհանուր թիվը 2016-17 ուստարում կազմում էր 1091 աշակերտ, ստորաբաժանումում՝ 21, իսկ 19 աշակերտ ստանում է ներառական կրթություն: Մեկ ուսուցչին ընկնող աշակերտների թիվը կազմում է 21 աշակերտ:
Առանձնակի հետաքրքրությամբ ծանոթացա Մելսիկ Զաքարյանի մանկավարժական գործունեությանը, նրա ղեկավարած դպրոցի պատմությանը, որին զուգահեռվեց այսօր 12-րդ դասարանի իմ աշակերտուհիներից մեկի հարցումը, թե արդյոք իր ուսուցչուհին ճանաչում է Հրազդանի դպրոցներից մեկի տնօրենին, ով տարիներ առաջ իր համակուրսեցին է եղել: Որքա~ն զարմանալի, նույնքան հաճելի էր, որ հնարավորություն ստեղծվեց վերջերս հրատարակած իմ գրքերից՝ որպես նվեր, փոխանցելու նրան: Նաև այս հրապարակումով մեծագույն ակնածանքս այդ դպրոցի բոլոր մանկավարժներին՝ հանձին այդ կրթօջախի տնօրեն Մելսիկ Զաքարյանի, ով վաղուց իր համակուրսեցիների համար եղել է հարազատ մարդ, տարիների իր վաստակով դարձել կրթական ոլորտի լուսավոր անհատականություններից մեկը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 19253 անգամ