Անակնկալ ուսուցչուհուս
2017-09-25 12:44:00
8-րդ ա դասարանում սովորող աշակերտուհուս առեղծվածային ժպիտը անսովոր թվաց ինձ: Ինչ-որ մի բան կար, որ ցանկանում էր ցույց տալ: Շուտով սեղանին դրեց փոքրիկ համակարգիչը, բացեց այն, և ահա ընթերցում եմ. «Տեսանյութը նվիրվում է Նատաշա Պողոսյանի գրքերի շնորհանդեսին»: Այնուհետև նկարներ, բազմաթիվ նկարներ, որտեղ մենք ենք...
Ու կամաց-կամաց այդ նկարները տեսանելի են դառնում, որ ուղեկցվում են մեղմ երաժշտությամբ, ու դրանցից յուրաքանչյուրը մի պատմություն ունի իր ներսում, որ տանում է մեզ դեպի անցյալի հիշողությունները ու բերում ներկան, որտեղ գրքեր կան հրատարակված, և աշակերտուհու անակնկալ կա, որին շնորհակալական զգացումով եմ արձագանքում:
Շուտով իմ ձեռքին հայտնվում են նրա՝ Մալենա Մուսայելյանի տողերը, որ թղթին էր հանձնել օրեր առաջվա տպավորություններով. «Դպրոցական օրերից մեկն էր: Պատահական դպրոցի միջանցքում լսեցի, որ մեր դասղեկ տիկին Պողոսյանը հրատարակել է իր հերթական գրքերը: Այդ պահին աննկարագրելի էր, թե ինչ ուրախություն ապրեցի: Կարծես մի փոքրիկ աշխարհի հերոսուհի էի դարձել, նաև հպարտ էի, որ ունեմ այնպիսի ուսուցչուհի, ով մեզ հնարավորություն տվեց՝ լինելու մի գրքում, որը մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ ընթերցողներ ունեցավ:
Ուրախ տրամադրությամբ գնացի տուն և ամբողջ օրը մտածեցի, թե ինչ անակնկալ մատուցեմ ուսուցչուհուս: Ախր գիտեի, որ չէի կարող նրա արած գործին համապատասխան ինչ-որ մի բան անել: Հետո մտածեցի, որ կարելի է նախապատրաստվելիք շնորհանդեսին ընդառաջ՝ իմ ձեռքով մի տեսանյութ պատրաստել:
Ուսուցչուհուս նկարներից մի քանիսն ընտրեցի, ապա գրքերի նկարները տեղադրեցի, այնուհետև տարբեր դասարանների աշակերտների, նաև՝ ուսուցիչների խմբանկարներ: Հերթով դասավորեցի դրանք, վերջում մի շատ գեղեցիկ կոլաժ ստացվեց, նաև այդ նկարների ցուցադրությանը զուգահեռ՝ ընտրեցի մի երաժշտություն, և շուտով տեսանյութը պատրաստ էր:
Շատ ուրախ եմ, որ իմ անակնկալն ստացվեց, իմ ուսուցչուհուն դուր եկավ այն: Հիմա ես ունեմ իմ անհատական գիրքը, որ տիկին Պողոսյանն է նվիրել ինձ: Հուսամ՝ ես կարդարացնեմ նրա սպասելիքները, որ կապված է մեր բոլորիս, ընդհանրապես, նոր սերնդի հետ»:
Այո՛, դա գեղեցիկ անակնկալ էր, որի համար գոհունակությունս ցանկացա արտահայտել այս հրապարակումով, նաև հաջողված էր այդ տեսանյութն այնքանով, որ որոշեցի այն ցուցադրել սեպտեմբերի 28-ին Մարտակերտի մշակույթի ու երիտասարդության կենտրոնում կայանալիք իմ գրքերի շնորհանդեսի ժամանակ:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 16906 անգամ