«Armtimes.com»-ը գրում է. Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական հաղորդման սեպտեմբերի 26-ի հիմնական թողարկման ժամանակ ներկայացվել է մի քարտեզ, որտեղ Արցախը ներառված է Ադրբեջանի Հանրապետության տարածքում: Ռեպորտաժում ներկայացվում էր Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը եւ խոսվում էր քարտեզագրված ճանապարհների մասին:
Armtimes.com-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանը, մեկնաբանելով այդ փաստը, ասաց. «Շնորհակալություն, որ տեղեկացրեցիք: Մենք աշխատում ենք ուղիղ եթերի ռեժիմով եւ հնարավոր են նման սպրդումներ: Շնորհակալություն զգուշացնելու համար, անպայման վաղն առավոտյան՝ թռուցկաժողովի ժամանակ, այդ հարցը կքննարկենք, հետեւություններ կանենք»:
Հարություն Հարությունյանը չի կարծում, որ դա միտումնավոր է եղել: Նրա խոսքով, հնարավոր է արագության ժամանակ ստացված լինի: «Համապատասխան մարդիկ դիտողություն կամ նկատողություն կստանան»,- ընդգծեց Հարություն Հարությունյանը:
Այս նյութը դիտել են - 8257 անգամ