Շնորհանդեսի օրը հեռուներից եկած ելույթի խոսք
2017-10-03 09:59:00

Օրեր առաջ մանկավարժիս հղած այս ելույթը, որ պիտի ընթերցվեր իմ գրքերի շնորհանդեսի օրը, անակնկալ էր, որ ինձ ուղարկեց Լոս Անջելեսի ամերիկյան հայկական USArmenianews.com լրատվական կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը:
 Բազմիցս ընթերցել եմ այն, հուզվել՝ նման գնահատանքի խոսքերի արժանանալով, որտեղ ակնածանք կա ուսուցչի աշխատանքի հանդեպ, անձիս նկատմամբ՝ գեղեցիկ մարդկային որակում:
 Ուսուցիչ-խմբագիր համագործակցության լավագույն արգասիքը այս օրերին հրատարակված իմ գրքերն են, որ հեռավոր ամերիկյան քաղաքում գործող այդ կայքի՝ առանձնապես շատ-շատերիս հարազատ դարձած «Մանկավարժի անկյուն» բաժինն Արցախում մի նոր գիր է դարձել «Մանկավարժի օրագիր» գրքի տեսքով, որ մնա սերունդներին, դառնա պատմություն՝ գալիքին պարզված:
Հպարտությամբ ու մեծագույն շնորհակալական զգացումով առ Գայանե Մանուկյանը և այդ կայքի ամբողջ խմբագրակազմը՝ իմ խոսքը հնչեցրի շնորհանդեսի օրը, իսկ այդ ելույթը ներկայացրի Արցախի գրողների միության նախագահին, ում առաջարկով այն ընթերցեց «Գրիգոր Նարեկացի» համալսարանի երիտասարդ դասախոս Սոնա Համբարձումյանը:  /Նատաշա Պողոսյան/
                                                        
Դպրության հանդեպ մեր ժողովրդի ունեցած ակնածանքը հայտնի է ողջ աշխարհին, բոլորին: Մենք իրավամբ համարվում ենք ամենաուսումնատենչ ազգերից մեկն աշխարհում, որ մեր անգնահատելի ավանդն ենք ներդրել համաշխարհային գիտության զարգացման գործում: Սակայն մեր ժողովրդին բնորոշ ուսումնատենչությունն ու դպրության հանդեպ սերն ամենևին էլ պատահական բնույթ չէ, որ կրում են: Այս ամենի ակունքներում կանգնած է հայ ուսուցիչը՝ այն անձնուրաց մանկավարժը, ում տաղանդի, հանճարի շնորհիվ մեր ժողովրդի զավակները հազարամյակներ ի վեր հատուկ վերաբերմունք են ունեցել գիտության ու կրթության նկատմամբ:
Մեր օրերում նույնպես, ի բարեբախտություն մեզ բոլորիս, կան անհատներ, մանկավարժի վեհ կոչումն իրենց կյանքով ու գործունեությամբ վաստակած անհատականություններ, որոնց շնորհիվ նույնիսկ ամենաանբարենպաստ իրավիճակներում հնարավոր է դառնում շարունակական դարձնել սերունդներին կրթելու սուրբ ու նվիրական գործը:
 Նման անհատներից մեկն էլ, անկասկած, տիկին Նատաշա Պողոսյանն է՝ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի այն ուսուցչուհին, ում տիտանական ջանքերի շնորհիվ այդ դպրոցն ու դրանում ուսում առնող աշակերտները հայտնի են դարձել բոլորին:
Նշենք, որ USArmenianews.com-ը, շնորհիվ տիկին Պողոսյանի հետ բեղուն համագործակցության, առաջին իսկ օրվանից աշխարհասփյուռ հայությանը շարունակաբար ներկայացրել է ու ծանոթացրել Բալայանի անվան դպրոցը, ուսուցչական կոլեկտիվին ու աշակերտներին, խոսել ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների նրբությունների մասին, վեր հանել մանկավարժական աշխատանքի բնորոշ առանձնահատկությունները:
Ուսուցիչ–աշակերտ փոխհարաբերությունները մարդկային հարաբերությունների մի յուրատեսակ շերտ են, ուստի՝ առանց դրանց մասին իրական պատկերացման անհնար է խորամուխ լինել իրերի իսկության մեջ:
Կայքում տեղ գտած հրապարակումներից շատերում հաճախ խոսվել է նաև այն դժվարությունների մասին, որոնց, ցավոք, շատ արցախցի երեխաներ ստիպված են եղել բախվել հատկապես պատերազմական շրջանում: Անքուն գիշերներ, մութ ու ցուրտ ապաստարաններ…
Մեր ուշադրության կենտրոնում են եղել նաև զոհվածների ընտանիքներն ու պատերազմի կիզակետում գտնվող այն մարդիկ, որոնց անձնազոհության շնորհիվ էր նաև, որ իրականություն դարձավ հաղթանակը:
Տիկին Պողոսյանը ոչ միայն լավ ուսուցիչ է, իսկական մանկավարժ, նաև՝ հրաշալի անձնավորություն: Ցանկացած մեկը, ով երբևիցե շփվել է նրա հետ կամ մտերմություն արել, կարող է վկայել, որ տիկին Պողոսյանի մեջ խտացված են այն բոլոր դրական մարդկային հատկանիշներն, որոնք մարդ արարածին դարձնում են ողջ արարչագործության թագն ու պսակը:
Նկատենք, որ USArmenianews.com-ը լայն ճանաչում է ձեռք բերել նաև շնորհիվ վաստակավոր ուսուցչուհու հրապարակումների, քանի որ ի տարբերություն հայաստանյան կայքերի, մեր կայքը մշտապես ունեցել է «Մանկավարժի անկյուն» անվանումը կրող բաժին, որը նվիրված է հայ դպրությանն ու դրա կենտրոնում գտնվող մանկավարժին ու աշակերտին, նրանց փոխհարաբերություններին: Տիկին Նատաշա Պողոսյանի հրապարակումներն անգնահատելի ավանդ են՝ ներդրված դպրոց-հասարակություն կապերի ամրապնդման ու փոխադարձ ճանաչելիության խորացման գործում:
USArmenianews.com կայքի ողջ խմբագրակազմը շնորհավորում է տիկին Պողոսյանին՝ այս հրաշալի գրքերի լույս ընծայման հետ կապված: Համոզված ենք, որ դրանք ըստ արժանվույնս կգնահատվեն հայ ընթերցողի կողմից՝ դառնալով յուրատեսակ հայելի, ուր արտացոլվել են ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների խորքայնությունն ու նրբերանգները:
Ասում են՝ պատմությունը գրում են մարդիկ, սակայն սա այն դեպքը չէ: Ժամանակն է գրում պատմությունը, և գրում է այն պատմության գրչով, որոնք եղել են, և այժմ այն տպագրվելով՝ յուրաքանչյուր ապրող սերնդի մասին թողնում է տեղեկություն և պատմություն: Ապացույցը՝ նրա հրատարակած այս հրաշալի երկու գրքերը:
Հպարտ ենք, որ համագործակցում ենք տիկին Պողոսյանի հետ՝ մեկի, ով շատ բան է արել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ամրապնդելու ու դրանք անքակտելի դարձնելու համար:
Մեր կայքն առաջիկայում ծրագրում է է՛լ ավելի ամուր կամուրջներ գցել Լոս Անջելեսի ու Արցախի կրթօջախների միջև, դառնալ հարթակ մյուս մանկավարժների համար նույնպես:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք տիկին Պողոսյանին ու մաղթում բեղուն ստեղծագործական կյանք: Անկասկած, նման մարդկանց գործի շնորհիվ է հնարավոր դառնում անմահ պահել հայ դպրությանը բնորոշ լավագույն ավանդույթները:

USArmenianews.com լրատվական կայքի խմբագիր
Գայանե Մանուկյան
Լոս Անջելես 
Այս նյութը դիտել են - 15152 անգամ