Լոս Անջելեսում Գրիգորի Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել
2016-01-25 10:19:00

2016թ հունվարի 24-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել հանդիպում ՊԳԵԴ-YSSF երիտասարդական կազմակերպության պատվավոր անդամ Գրիգորի Գրիգորյանի և առաջիկայում Գլենդելում հիմնադրվող մեր քույր կազմակերպության՝ YSF (Youth Society and Foundation) ատենապետուհի Ադրինե Բանդարյանի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկու կազմակերպությունների առաջիկա ծրագրերը, հստակեցվել է համատեղ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև մեր քույր կազմակերպության հիմնադրման համար անհրաժեշտ բազմաբնույթ հարցեր:

Ի ուրախություն բոլորիս, YSF ատենապետուհի Ադրինե Բանդարյանը հայտնել է, որ կազմակերպչական և փաստաթղթային գրեթե բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են, ձևավորվել է փայլուն թիմ՝ գլենդելաբնակ հայ երիտասարդներից, ովքեր հայ համայնքում իրենց նախկին փորձառություններով, մասնագիտական գիտելիքներով պատրաստ են աջակցել Հայաստանի մեր կազմակերպությանը՝ համատեղ ինտելեկտուալ, ճանաչողական միջոցառումներ, փոխանակման ծրագրեր և առաջիկայում նաև միասին համաժողովներ իրականացնելու նախագծերին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում:

Ադրինե Բանդարյանի տեղեկացմամբ, շուտով տեղի կունենա նաև YSF գրասենյակի բացման արարողությունը, որին սիրով հրավիրում է ներկա գտնվել նաև ՊԳԵԴ-YSSF կազմակերպության ղեկավար Գևորգ Մանուկյանին, ինչը բավականին կոգևորի կազմակերպության անդամ ամերիկահայ երիտասարդներին և հնարավոր կլինի ավելի գործնական հիմքերի վրա դնել մեր երկու կազմակերպությունների համատեղ գործունեությունը:

Հանդիպման ավարտին Գրիգորի Գրիգորյանը հավաստել է, որ իր կողմից կանի ամեն հնարավորը՝ մեր երկու կազմակերպության երիտասարդների փոխադարձ շփումներն ու կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Այս նյութը դիտել են - 1300 անգամ