Ամեն անգամ երամի պես անդարձ հեռացող օրերիս մեջ Ձեզ եմ տեսնում2017-10-10 03:22:00
Մարդն ինչո՞վ է ջերմանում...Երբեմն մի խոսքով, անգամ՝ մեկ բառով, ու սրտաբաց ասված բառը հոգուդ մեջ է ներսուզվում, որ ջերմացնի հոգիդ: Ուսուցչի համար այդ ջերմությունն առավել քան դուրալի է, երբ այն ստանում է դպրոցականից կամ թեկուզ՝ շրջանավարտից, ում տարիներ շարունակ դասավանդել է, և դարձել է նա այդ տարիներում ամփոփված հիշողություն: Եվ այդ իսկ հիշողությամբ էլ նա տարիներ անց էլ կարողանում է մեղմացնել հոգիդ իր ջերմագին ասված խոսքերից, որ ընթերցում ես հուզմունքով, սիրով պարուրված, հեռվից հեռու նրան գրկելով:
2016-ի մեր դպրոցի շրջանավարտ, Արցախի պետական համալսարանի ուսանողուհի Գայանե Հայրապետյանի տողերն անակնկալ էին ինձ համար, որ կարդացի հուզված, նրա հանդեպ ունեցած համակրանքով:
«Կյանքում ամենաթանկ հիշողությունները մինչև խոր ծերություն կմնան մեր մեջ տպավորված, որոնք հիշելիս կամ վերապրելիս մեզանից յուրաքանչյուրի դեմքին անկասկած մեղմ ժպիտ է արթնանալու:
Մտքերով էի ընկել, ինչ-որ հետևություններ ու վերլուծություններ էի անում օրվա իրադարձություններից: Եվ հանկարծ լսեցի հարազատ ձայն: Առավել մեծ էր անակնկալը, երբ շրջվեցի ու տեսա իմ ուսուցչուհու գեղեցիկ պատկերը: Մի թույլ ու հաճելի ժպիտ երևաց դեմքիս ու ակամա քայլերս ուղղեցի դեպի նրան: Լսվում էր սրտիս արագ բաբախյունը: Հուզմունքս մեծ էր, երբ մոտեցա ուսուցչուհուս:
Արդեն մի քանի ամիս է՝ չենք հանդիպում իրար:
Զրույցի ընթացքում իմացա նրա հրատարակվող գրքի մասին... Ուրախությունս չեմ կարող հանձնել թղթին: Եվ այսօր պատահական ձեռքս առա այդ գիրքը: Դա սովորական գիրք չէր: Արագ ուզում էի թերթել, անցնել բոլոր էջերով: Ժամերով ընթերցում էի «Մանկավարժի օրագիրը»:
Շնորհակալություն, տիկի՛ն Պողոսյան: Դուք ոչ միայն ուսուցիչ եք, այլև՝ լավագույններից մեկը, ով իր հոգու խաղաղությամբ չափազանց բարի ու դրական ժպիտով պարզապես չի կարող մարդու հոգում չտպավորվել որպես լուսավոր ու վառ կերպար: Ձեր բոլոր դասերն ու միջոցառումներն ստեղծագործական մեծ ժայթքում են: Յուրաքանչյուր սերնդի հետ քայլում եք ժամանակի շնչով, փորձում եք Ձեր սաների մեջ սերմանել բարին ու գեղեցիկը: Ձեր խորաթափանց հայացքով կարողանում եք սուզվել յուրաքանչյուր աշակերտի հոգու խորքը և մայրական նուրբ ու քնքուշ ժպիտով ու խոսքով հանդարտեցնել հոգու խռովքը:
Հիմա, երբ ամեն անգամ շրջվում ու նայում եմ երամի պես անդարձ հեռացող օրերիս, Ձեզ եմ տեսնում, նաև հասկանում եմ, որ մեծ ուսուցչուհու աշակերտուհի եմ եղել ես: Իմ հիշողության մեջ առանձնահատուկ ձևով միշտ ամուր կպահեմ Ձեր բոլոր խոսքերը` իմաստուն և ինչ-որ տեղ՝ մարգարեական: Շնորհավոր և շնորհակալություն Ձեզ, տիկի՛ն Պողոսյան»: /Գայանե Հայրապետյան/:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 12796 անգամ