Կառավարության՝ պարապուրդի մատնված աշխատակիցները կկրճատվեն
2015-12-02 22:45:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի կողմից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված պատասխանի համաձայն՝ նախատեսվում է մի շարք գերատեսչությունների տեսչություններում իրականացնել օպտիմալացման գործընթաց: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հրահանգեց «…քննարկել մինչեւ 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը»: Դրանից հետո ստուգումները դադարեցվեցին, ինչի արդյունքում տեսչությունների աշխատակազմերի մի մասը փաստացի պարապուրդի է մատնվել: Ուստի «Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է տեսչությունների աշխատակազմերը կրճատվեն: «Արդյունքում հնարավոր է որոշ տեսչությունների աշխատակիցների թվի կրճատում, իսկ որոշ տեսչություններում հնարավոր է աշխատակիցների թվի ավելացում»,- նշված է «Ժողովուրդ»-ին տրված պատասխանում: Այսինքն՝ կրճատումները ոչ միայն չեն բացառվում, այլ նաեւ հեռանկարում են»:

Այս նյութը դիտել են - 1587 անգամ