Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»2017-10-20 13:45:00
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը երկու բնակարան եւ TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 30 հազար դոլար և 850 հազար դրամ: Բիչախչյանը հայտարարագրել է նաեւ 3 մլն աշխատավարձը:
Երեկ Ազգային ժողով ժամանած Բիչախչյանից armtimes.com-ը հետաքրքրվեց, թե որտեղից է նա ձեռք բերել նման ֆինանսական կարողություն` լինելով ընդամենը ոստիկանության վարչության պետ:
- Պարոն Բիչախչյան, 30 հազար ԱՄՆ դոլար եւ երկու բնակարան եք հայտարարագրել: Ոստիկանությունում աշխատելո՞վ եք վաստակել, թեեւ Ձեր տարեկան աշխատավարձը շատ քիչ է` ըստ հայտարարագրի:
- Լրագրողները, չգիտես ինչո,ւ ընկել են մարդկանց տարեկան հայտարարագրերի հետեւից, իհարկե դա իրենց իրավունք է: Այդ գումարը գոյացել է իմ ծնողների կուտակած միջոցների հաշվին եւ հայտարարագրել եմ նշված գումարը: Լավ չի՞, որ եղածը չենք թաքցնում: Իմ ծնողները տարիներ շարունակ աշխատել են արտերկրում, եւ կուտակել ենք այդ գումարը:
- Հայտարարագրում երկու բնակարան կար: Երեւանու՞մ են:
- Բնակվում եմ երկու սենյականոց բնակարանում, եւ պետք է վաճառեմ այդ բնակարանն ավելի մեծը գնելու համար: Իսկ ինչ մնում է, որ ամպագոռգոռ ներկայացնում են, թե ունեմ երկու բնակարան, ապա ասեմ, որ մեկը դեռեւս խորհրդային տարիներին` 1985 թվականին ստացած ժառանգություն է Արթիկ քաղաքում: Դա իմ հայրական օջախն է եւ ես համասեփականատեր եմ: Մյուս բնակարանը գնել եմ 2006 թվականին`Երեւանում, բայց կրկին ծնողներիս օգնությամբ: Այդ ժամանակ ես ավագ տեսուչ էի:
- Իսկ հիմա ցանկանում եք ավելի մեծ բնակարան գնե՞լ:
- Ունենք ծնողներիս թողած գումարը, եւ վաճառելով այս բնակարանը, գումարը միացնենք իրար` մեծ բնակարան գնելու համար: Մեծ ընտանիք ենք:
- Պարոն Բիչախչյան, իսկ Ձեր ծնողները ինչի՞ հաշվին են ետ գցել այդ գումարները: Բիզնեսով են զբաղվո՞ւմ:
-Երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում են աշխատել:
Այս նյութը դիտել են - 78281 անգամ