Սերժ Սարգսյանը դժգոհ է Վլադիմիր Գասպարյանից. ժամանակ է տրված Politik
2017-10-24 04:10:00

« Politik»-ը գրում է. Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա էր գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շատերի համար անսպասելի գնահատականներով հանդես եկավ.«Դուք լավ հիշում եք, որ իմ նախընտրական ծրագրի հիմքում «Ապահով Հայաստան» նպատակադրումն իրականացնելու գաղափարն էր: Շուրջ հինգ տարի առաջ այսօրվա Հայաստանը ես տեսնում էի վտանգներից ավելի պաշտպանված:

Երկրի անվտանգության առումով դրական և էական առաջընթաց արձանագրելով հանդերձ՝ կարծում եմ, որ այսօր դեռ վաղ է վերջնականապես գնահատել, թե արդյո՞ք իմ սպասելիքներն ամբողջությամբ արդարացվել են: Միաժամանակ գտնում եմ, որ ձեզ հետ հանդիպումը շատ լավ առիթ է լրացուցիչ անգամ վեր հանելու ոստիկանության առջև ծառացած խնդիրները և նախանշելու հետագա անելիքները:

Վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի քանի հանցագործություններ, որոնց մասին շատ է գրվել լրատվամիջոցներում, և որոնց անդրադարձ եղավ նաև հնչած զեկուցման մեջ: Ոմանց մոտ ընկալում է ձևավորվել, թե դրանք իրավապահ մարմինների կողմից հանցավորությանը ոչ արդյունավետ հակազդելու հետևանք են»,-դժգոհել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նույն ելույթի ընթացքում նախագահը խոսել է նաև զենքի անօրինական շրջանառության մասին.«Իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջև հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երևույթը մտահոգիչ է նաև այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսևորումներ:

Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը»,-ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը ոչ հաճախ, եթե չասենք երբեք նման գնահատականներ չի տվել ոստիկանության աշխատանքին, այն ժամանակվանից, երբ համակարգը ղեկավարում է Վլադիմիր Գասպարյանը: Նախագահը առաջին անգամ է խոսում այն թերություններից և սխալներից, որոնց մասին երկար ժամանակ բարձրաձայնում էր հասարակությունը:

Ստացվում է Սերժ Սարգսյանը դժգոհ է ոստիկանության աշխատանքից, այսինքն ոստիկանության պետի աշխատանքից ու ինչ-որ իմաստով ժամանակ է տվել նրան, որպեսզի շտկի այն խնդիրները որոնք առկա են: Սերժ Սարգսյանը նշել է նաև այն չափորոշիչը, ըստ որի գնահատվելու է ոստիկանության աշխատանքը.«Ինձ համար երկրում օրինականության և կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է»:

Սերժ Սարգսյանի նախանշած չափորոշիչը մի  փոքր մտահոգիչ է ոստիկանության համար: Բան այն է, որ դժվար է պատկերացնել, որ հանրությունը մոտ ապագայում դրական կարծիք կունենա ոստիկանության գործունեության մասին: Եվ ստացվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը անլուծելի խնդրի առաջ է կանգնեցրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Այս նյութը դիտել են - 7763 անգամ