Արմատախիլ անենք բացասական որակները, որ անհանդուրժելի են մանկավարժության մեջ2017-10-24 10:50:00
Իմ նյութերում երբեմն բացասական հնչողություն ունեցող երևույթների մասին եմ արձագանքում՝ անկախ նրանից, որ շրջապատում վայելում եմ շատ-շատերի հարգանքն ու սերը: Նպատակս է՝ մարդկային բնավորության բացասական որակներն անհանդուրժելի համարել մանկավարժության մեջ, դառնալ բարության մարմնացում, նկատել կողքիդ արարող մարդու հաջողությունները, արմատախիլ անել այն որոմը, որ չարություն է ծնում, թունավորում ու կեղտոտում մարդկանց հոգիները:
96-ի փետրվարից աշխատանքի ընդունվեցի Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում: Մտա 10-րդ դասարան, այնքան սահուն ամեն ինչ անցավ, որ գոհունակություն հայտնեցի աշակերտներին, նաև զարմացա, թե ինչու ոչ ոք չէր ուզում նրանց դասավանդել, առավելապես հայոց լեզվի և գրականության մասնագետները, ովքեր չէին ուզում մտնել այդ դասարանը: Զարմանալին նաև աշակերտների արձագանքն էր, որ իրենց մասին հանկարծ գոհունակություն չհայտնեմ ուսուցչանոցում, այլապես մյուս ուսուցիչները կարող են ինձ հետ «վատանալ»:
Սկզբնական շրջանում անհասկանալի էր ինձ համար, թե ինչպես են «վատանում» ուսուցչի հետ, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այս համակարգում կան ավելի լուրջ խաղեր, քան ես գիտեի: Եվ շուտով երկու զուգահեռ դասարանների միջև կազմակերպված մրցույթում հաղթող չեղավ: Բաց աչքով նկատելի էր իմ դասղեկական դասարանի հաղթանակը, որ բավականին առավելություն ցուցաբերեց, սակայն մրցութային հանձնաժողովի անդամ ուսուցիչների կողմից հավասար միավորներ տրվեցին երկու դասարանին: Չնայած հորդորում էի իմ աշակերտուհիներին, բայց նրանց արցունքոտված աչքերը մնացին հիշողությանս մեջ, ու նաև հասկացա, որ այսպես են «վատանում» ուսուցչուհու հետ, երբ չեն հարմարվում նրա հեղինակության բարձրացմանը:
Արդեն հետաքրքրված էի, թե ուրիշ էլ ինչ ձևով են «վատանում» մարդու հետ: Իմ կազմակերպած բաց դասին հրավիրել էի նաև քաղաքի մյուս դպրոցի ուսուցիչներից: Բազմավաստակ ուսուցչի հիացմունքը, որ վերջին երեսուն տարվա ընթացքում նման դաս չէր տեսել, անտարբերության մատնվեց մեր ուսուցիչների կողմից և շուտով այդ դասի վերլուծության, կարծիքների փոխանակության ժամանակ մասնագետ որոշ ուսուցչուհիների՝ ինձ հետ «վատանալուն» առերեսվեցի, որ խուսափեցին խոսք ասել կամ կառչեցին բառից՝ անտեսելով այդ դասի արժանիքները:
Ու այդպես շարունակվեց «վատանալու գործընթացը»: Հայոց լեզվի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում բարձր միավոր վաստակած աշակերտուհիս ՀՀ եզրափակիչ փուլում մի նոր հաջողություն արձանագրեց: Դա 2002-ին էր, որ շարունակական դարձավ, ամենամյա հաղթանակներ ունեցանք թե՛ օլիմպիադաներում, թե՛ շարադրությունների ու ասմունքի մրցույթներում, որ ուղեկցեցին ինձ տարիներ շարունակ...Ու քանի~-քանի անգամ ականատես դարձա ինձ հետ «վատանալուն», որ արդեն սովորական էր դարձել իմ աշակերտների ձեռքբերումների կողքին:
Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ այդ «վատանալը» իր տարածքներն ընդարձակել է... Այն դուրս եկավ մեր դպրոցի սահմաններից, փոխվեց ասպարեզը, վերևներում թառած մի քանի պաշտոնամոլների թիրախում հայտնվեցի, որ փորձեցին ստվերի տակ թողնել ինձ՝ չտեսնելու տալով իմ հաջողությունները, որ տեսանելի էին շատերին: Այս անգամ մեկ ուրիշ ճանապարհ ընտրեցին ինձ հետ «վատանալու»: Ստվերի տակ թողնելու կեղտոտ խաղ սկսվեց, տարբեր պարգևների ու կոչումների արժանացնելու երթը շարունակվեց տարիներ շարունակ՝ ինձ անտեսելու և իմ կողքին շատերին արժևորելու ճանապարհով:
Ու ես «վատացա», բայց իմ «վատանալուն» զուգընթաց՝ նպատակասլաց դարձա, այդ ճանապարհին իմ հաջողությունները կրկնապատկվեցին, կեղծարարներն էլ զգուշացան իմ արդար խոսքից, որ հնչեցնում էի ամենուր: Իմ ըմբոստ հոգին ծառս էր ելել շրջապատի անարդարությունների դեմ, որ ձգտում էի ինձ «վատացնելու»՝ վախկոտների խաղը կանգնեցնել...
Ու կանգնեցրի... Հասա գնահատանքի ու մեծարման՝ իմ տքնաջան աշխատանքով, աշակերտների սիրով ու հարգանքով, որ այսօր էլ վայելում եմ ես, մաքուր հոգու տեր այն ուսուցիչների ազնիվ նվիրումով, որ իմ կողքին են միշտ: Ես բարձրացա ինձ «վատացնելուն» սովոր այն հատուկենտ անձանց ուղղված իմ ժպիտներով, որ վերջապես հարմարվեն հաջողությունների հասած ուսուցչուհուս վերելքներին ու ապրեն հանդարտ հոգով:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 13277 անգամ