Հոկտեմբերի 23-ին Քուվեյթում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին:
Ընդունելության ներկա էին Քուվեյթի Պետության առևտրի և արդյունաբերության նախարար Խալեդ Ալ-Ռաուդանը, Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, կառավարող Ալ-Սաբահ ընտանիքի անդամները, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության հատուկ հյուր էր շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը:
Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանն անդրադարձավ Հայաստան - Քուվեյթ երկկողմ հարաբերություններին, Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարներին, անկնկալվող ծրագրերին: Հայաստանի դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ բարձր գնահատելով քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների կամրջման գործում:
Ընդունելության ընթացքում ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող տեսաֆիլմ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներում և Քուվեյթի պետական հեռուստատեսությամբ:
Այս նյութը դիտել են - 9616 անգամ