«Հայելին » գրում է.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ գնացել էր ոստիկանություն, խիստ տոնով հրագանգներ տվել ու դժգոհել իրավապահների աշխատանքից մի քանի կոնկրետ ուղղություններով: Մասնավորապես Սերժ Սարգսյանի գնահատականները առավել խիստ են եղել հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվողներին հայտնաբերելու առումով. «Պարզվել է, որ որոշ դեպքերում հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո:
Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ մեկը չի անհանգստացրել, չի փնտրել: Կամ՝ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կարողացել է փոխել իր անձնական տվյալները և ստանալ նոր անձնագիր: Սա խոսում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության մակարդակի մասին: Կամ՝ տարբեր քրեական գործերով հետախուզվող անձի վերաբերյալ կազմվել է մեկ հետախուզական գործ, ապա մեկ քրեական գործով հետախուզումը դադարեցնելուց հետո դադարեցվել է նաև ողջ հետախուզական գործը, ինչի հետևանքով մյուս քրեական գործերով անձն անհիմն չի հետախուզվել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը և ավելացրել, որ ոլորտում իրավիճակի փոփոխություն, մեղմ ասած, չկա, քանի որ հետախուզվողների հայտնաբերման արդյունավետությունը գոնե վերջին հինգ տարիների ընթացքում տատանվում է 31-34 տոկոսի սահմաններում:
Եթե սրան ավելացնենք նաև ժամկետային զինծառայությունից խուսափելու հիմքով հետախուզումները, ապա հայտնաբերման ցուցանիշը, ինչպես նախագահն էր հայտարարել, հասնում է 10-14 տոկոսի: «Այսինքն՝ այսքան հանցագործներ ուղղակի թաքնվում են մեզնից՝ բոլորից: Սա անթույլատրելի է»,- շեշտել էր նա: Մինչ այդ Սերժ Սարգսյանը այցելել էր Քննչական կոմիտե, որտեղ խոսել էր իրավապահ կառույցների միջգերատսչական պայքարի անընդունելի դրսևորումների մասին: Եվ ահա Սերժ Սարգսյանի մատ թափ տալուց հետո նախօրեին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ Գլխավոր դատախազությունը, որտեղ գրեթե բառացի կրկնվում են այն արտահայտությունները, որոնք ոստիկանությունում ասել էր Սերժ Սարգսյանը:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ ՀՀ Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին մասնակցել են նաեւ ՀՀ ոստիկանության, ՀՔԾ, Քննչական կոմիտեի, ԱԱԾ եւ Պետական եկամուտների քննչական մարմինների ներկայացուցիչները: Քննարկվել է քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման նկատմամբ դատախազական հսկողության վիճակը:
2017 թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն աննախադեպ ծավալով եւ խորությամբ ուսումնասիրել է 2000-2016 թթ. հետախուզական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման արդյունավետության վիճակը:
Նշված 17 տարիների ընթացքում քննությունից խուսափող, ինչպես նաեւ հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերված անձանց վիճակագրական ցուցանիշների վերլուծությունն արդեն ի հայտ են բերել հետախուզական աշխատանքների արդյունավետության բացթողումները: Մասնավորապես դատախազությունը մատնացույց է անում այն հանգամանքը, որ 2016 թվականի ընթացքում հայտնաբերվել է նույն տարվա ընթացքում հետախուզում հայտարարված մեղադրյալների 49,4%-ը, իսկ նախորդ տարիներից հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների ընդամենը 12,6%-ը, հաստատում է, որ որքան օպերատիվ են կազմակերպվել հետախուզական աշխատանքները, այնքան դրանք ավելի արդյունավետ են եղել: «Մասնավորապես՝ հայտնաբերվել են այն դեպքերը, երբ հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացրած լինելու պայմաններում փաստացի հետախուզում չի իրականացվել, հետախուզական գործեր չեն կազմվել, քրեական գործերում բացակայել են հետախուզումը դադարեցնելու հիմքերի մասին տվյալները, մինչդեռ հետաքննության մարմինների որոշումներով փաստացի անհիմն դադարեցվել են հետախուզումները: Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ հետախուզում իրականացնելու համար պարտադիր համարվող փաստաթղթերը քննիչների կողմից հետաքննության մարմնին չեն ուղարկվել, կամ թեեւ կազմվել են հետախուզական գործեր, սակայն դրանք չեն հաշվառվել հետախուզության ստորաբաժանման հաշվառման մատյանում:
Բացահայտվել են դեպքեր, երբ անձի վերաբերյալ տարբեր քրեական գործերով կազմված հետախուզական գործերով հանցանքներից միայն մեկով հետախուզումը դադարեցնելու հիմքերի առկայության դեպքում տվյալ անձի նկատմամբ ընդհանրապես դադարեցվել են հետախուզական աշխատանքները, հետախուզման մեջ գտնվող անձը փոխել է անձը հաստատող փաստաթղթերը եւ հեռացել երկրից կամ տեւական ժամանակ հետախուզման մեջ գտնվող անձինք իրենց իսկ բնակավայրերում դարձել են նոր հանցագործություններից տուժողներ եւ հայտնաբերվել հիվանդանոցներում»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ճիշտ նույն բաներն էր ասել նաև Սերժ Սարգսյանը՝ ոստիկանության կոլեգիայի նիստում:
Շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Այս նյութը դիտել են - 8827 անգամ