ԵՍ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՁԱՅՆԸ
2017-11-04 00:12:00
Որքան եմ կարևորում ձայնը,արտասանության երանգը:Արտաքինն այդքան չեմ արժևորում,որքան ձայնը:Դա ինձ համար մի ուրիշ արժեք ու կարևորություն ունի:
Հիշում եմ դասախոսներից մեկի խոսքը.«Մտնում եմ լսարան,առաջին շարքերից մեկում մի գեղեցիկ, հմայիչ,ասես վրձինով նկարած դեմք եմ նկատում, այդքան կատարյալ հայուհի,ես դեռ չէի հանդիպել:Ու մեկ էլ այդ հիացմունքս ակնթարթորեն հիասթափության է վերածվում,երբ աղջիկն սկսում է խոսել գյումրեցու ակցենտով,կոպիտ առոգանությամբ ու արտասանությամբ:Դա անբացատրելի տհաճ մի իրավիճակ էր,որ ապրում եմ»:
Ես էլ եմ այդպիսին,ինձ առաջինը մարդու ձայնն է գրավում,լինի դա կին,թե տղամարդ:Օգտատերերից երբեմն ընկերներ են լինում,որոնց ես իսկապես գնահատում ու հարգում եմ,բայց խուսափում եմ լսել նրանց ձայնը,վախենում եմ հիասթափությունից,բարեկամներին կորցնելուց:
Դա էլ իմ բնավորության գծերից կամ ավելի ճիշտ թերություններից է:Կա ընկերներիս մեջ բանաստեղծներից մեկը,որի գրածները ես իսկապես արժևորում եմ,հաճույքով եմ ընթերցում:Ու մի օր էլ հանկարծ նկատում եմ ֆբ-ում,որ իր արտասանությամբ իր ստեղծագործություններներն է տեղադրել:Աննկարագրելի ափսոսանք եմ ապրում,ոչ վարպետորեն նրա կատարումը ու ձայնի հնչերանգը մահու չափ վանող էր:Չեմ համբերում,նամակով նրան մի քանի տող եմ գրում:
Ի՞նչ անեմ,ես այդպիսինն եմ,ուզում եմ կատարյալ տեսնել ընկերներիս:Թեպետ գիտեմ,որ դա անհնարին է:Ես լավ եմ զգում մարդկային խոսքի ուժն ու արտասանության արժեքը:

ՀԱՅԿՈՒՇ ՆԱԶԻՆՅԱՆ 
Այս նյութը դիտել են - 28415 անգամ