Կրթօջախի կեսդարյա հոբելյանական տարի 2017-11-05 09:46:00
Արմավիրի հ. 6 հիմնական դպրոցի կեսդարյա հոբելյանական տարին է, ու ես՝ որպես Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, չկարողացա այդ դպրոցի տոնական օրվա ուրախ տրամադրությանը չարձագանքել: Մարդիկ կլինեն իմ շրջապատում, որ իմ խղճի մտոք գրված այս տողերին քամահրանքով կարձագանքեն, բայց գիտեմ, որ շատ-շատերի դրական արձագանքներին կարժանանամ, այդ թվում՝ ինձ հոգեհարազատ դարձած այդ մանկավարժական կոլեկտիվի անդամների կողմից, որոնց մասին շատ բարձր գնահատանքով գիտեմ այդ դպրոցի ուսուցչուհի, նաև իմ համերկրացի, ինձ հարազատ մարդու՝ Ալվինա Անաստասյանի միջոցով:
Մի քանի օր առաջ՝ դպրոցի հոբելյանական տոնական տրամադրության օրը, ես առնչվեցի կյանքի հերթական անարդարություններին ու չկարողացա այդ օրն արձագանքել մանկավարժական կոլեկտիվին՝ հանձին դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանի, որոնցից շատերին հեռվից հեռու ճանաչում ու հարգում եմ՝ թե՛ որպես ֆեյսբուքյան տարածքում իմ նյութերի ընթերցողների, և թե՛ որպես իմ հեռավոր գործընկերների: Այս նկարների ու տոնական տրամադրության համատեղումն այն վառ ապացույցն են, որ այդ դպրոցում կա միասնականություն, իսկ համերաշխությունը, մեկը մյուսին անշահախնդիր նվիրվածությունն արգասաբերության աղբյուր են դառնում, թևավորում մարդուն, որ յուրաքանչյուրը յուրովի կարողանա իր ասպարեզում թևերը փռի նոր աշխատանքային վերելքների հասնելու ճանապարհին:
50 տարին դա քիչ չէ մի դպրոցի համար, որը տարբեր սերնդի ուսուցիչների հերթափոխ է տեսել, սերունդներ կրթել ու դաստիարակել և բազում ձեռքբերումներ արձանագրել: Այդ տարիներն իրենց մեջ մտերմություն են ձևավորել գործընկեր մանկավարժների, ուսուցիչների ու աշակերտների, նրանց ծնողների միջև, որ դարձել է փոխադարձ հասկացվածությամբ համակցված մի կառույց, հարազատ օջախ՝ իր լուսավոր հայացքն ուղղած գալիքին:
Եթե ինձանից հարցնելու լինեին, թե ընդհանրապես ինչ բարեմաղթանք կուղղեիր մարդկանց, ապա իմ լավագույն օրհնանքներով ու ցանկություններով միմյանց սիրելու աստվածաշնչյան պատգամի կողքին թև կառներ մեծագույն խորհուրդս ուսուցիչներին. «Ժպտացե՛ք թև առած թռչունի սլացքով, երբ սավառնելու սովոր է, ժպտացե՛ք անգամ թռիչք կանգնեցնելու մարմաջով տառապողների վրա, որոնց համար այդ թռիչքը մղձավանջ է դարձել, ժպտացե՛ք ձեր առջև նստած աշակերտներին, որ սիրում են ձեզ, թև՛ տվեք նրանց, որ նրանք էլ սավառնեն, երբ թռչելու սովոր չեն դեռ»:
Ու խորհուրդս, թև առած իմ շնորհավորանքներով, փոխանցում եմ Ձեզ, իմ շատ հարգելի՛ գործընկերներ: Սիրով ու փոխհասկացվածությամբ ամրակայված կրթօջախի մանկավարժական կոլեկտիվին շնորհավորում եմ՝ հարազատ դպրոցի կեսդարյա հոբելյանական օրվա կապակցությամբ, ցանկանում անձնական ու անանձնական երազանքների իրականացում, ուսումնադաստիարակչական գործընթացում ստեղծագործական նորանոր վերելքներ... Շնորհավորաքներս նաև ձեր բոլոր դպրոցականներին, որ ձեր առջև են նստած, բոլոր նրանց, ովքեր, դաս առած այդ կրթօջախից, կյանք են մտել՝ ուսուցչի պատվաբեր անունը իրենց հետ: Թող արգասաբեր լինի ձեր անցնելիք ճանապարհը, որով հայոց երկրի լուսավոր ապագան է կերտվում:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 14014 անգամ