«Hayeli »-ն գրում է . ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է տարածել Հայաստանում «Մոնսանտո» հայտնի ընկերության կողմից հնարավոր ներդրում կատարելու մասին տարածված տեղեկությունների կապակցությամբ:
«Որոշ մարդկանց հետաքրքրում է, թե որն է դեսպանատան դերը «Մոնսանտո»-ի արտադրանքի ներկայացման գործում: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։
Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպվել էր գործարար համաժողով, որը միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու և ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։
Համաժողովին ներկայացուցիչներ էին գործուղել երկու ամերիկյան ընկերություններ՝ «Վալմոնտը» և «Մոնսանտոն»: Վերջինիս արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։
Չնայած ագրոբիզնեսի ոլորտի հայկական և ամերիկյան ընկերությունների հանդիպման այս հարթակն ապահովվել էր ԱՄՆ դեսպանատան կողմից, սակայն ամերիկյան ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները և ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները», – նշված է ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով Հայաստանին ու դրա բնակիչներին հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից:
Հայտնի է, որ ընկերությունը բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այն արտադրում է գյուղատնտեսական նշանակության ապրանքներ՝ եգիպտացորենի, սոյայի, բամբակի՝ գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, դուստ թունաքիմիկատներ, ինչպես նաև աշխարհում ամենատարածված հերբիցիդը՝ «Ռաունդափը»-ը:
Ամբողջական նյութը կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Այս նյութը դիտել են - 9506 անգամ