Սփյուռքի նախարարը՝ սփյուռքից պետք է լինի2017-11-08 22:31:00
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԻՐԱՏԵՍ ՈՒ ՈՂՋԱՄԻՏ ԼԻՆԵԼՈՒ
Հրանուշ Հակոբյան. այս անվան հետ կապված ֆենոմենը,բարդ ու խճճված մի երևույթ է թվում:
Ինչու հենց միայն նա, ինչո՞ւ: Հենց կոմունիստական հասարակարգում ծնված ու մեծացած երկաթե լեդին անփոխարինելի է թվում ներկա ու անցած նախագահների համար: Գուցե իրո՞ք, անփոխարինելի կամ էլ մագնիսական հզոր դաշտ ունեցող անհատներից մեկն է,որին չեն ուզում բաց թողնել երկրի առկա ու անցած նախագահները:
Ես կասեի՝ ոչ, որովհետև անփոխարինելի մարդ չկա այս աշխարհում,ընդհակառակը՝ նոր,հզոր անհատներն ավելի են թափ ու ուժգնություն հաղորդում երկրին: Դա միանշանակ այդպես է:Իսկ գուցե Հրանուշ Հակոբյանի նվիրվածությունն ու հավատարմությունն է անզուգական դարձել երկրի նախագահի համար:Թեկուզ հենց վերջերս,նրա այն համոզմունքը,որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է,փայլուն կերպով իրականացնում է իր գործառույթները,ուստի պետք է մնա և շարունակի աշխատել:Բայց այդ կեղծ հավատարմությունն էլ ես դարձյալ չեմ ընդունում,որովհետև անգամ ծնող-զավակ հարաբերություններն այսօր խարխլված երևույթ է դարձել:
Պատկերացնում եմ,եթե սփյուռքի նախարարը բացահայտեր կամ գուշակեր,որ այս նախագահին հաջորդող կառավարությունը սատար կկանգներ իրեն ու նոր պաշտոնավարման պորտֆել կառաջարկեր,համոզված կարող եմ ասել,որ ամենավերջին լուտանքները կթափեր երկրի ներկա նախագահի՝ Սերժ Սարգսյանի գլխին,առանց որևէ զղջման,ափսոսանքի ու ներողամտության:
Կրկին անդրադառնանք այն հարցին,իրոք,ինչո՞ւմն է կայանում այս նախարարի պաշտոնավարման երկար տարիների ֆենոմենը:
Շատերի համար հետաքրքիր մի առեղծված է դա:Նրա համակիրների բանակն այսօր բավականին նվազ է,քանզի համացանցն ու տպագիր մամուլն ամբողջովին ողողված է բացասական էմոցիաներով նախարարի հանդեպ:
Իսկ ինչու՞ դա չի ազդում մեր ներկա կառավարող նախագահի վրա,ա՛յ դա՝ արդեն,անհասկանալի է ինձ համար:
Կոմունիստական աշխարհայացքի ուրվականը քայլում է մշտարթուն սփյուռքի նախարարի հետ,որքան էլ ջանի երկաթե լեդին ձերբազատվել դրանից,անհնարին է,քանզի նա ծեփվել,հունցվել ու ձևավորվել է հենց այդ խառնարանում:
Եվ գիտե՞ք ինչի համար եկա այդ համոզման,որովհետև տարիներ առաջ,երբ նա ղեկավարում էր սոցապ նախարարությունը,մի լրագրողի հետ հարցազրույցում,ինձ համար շատ տհաճ թեմա արծարծվեց,որի գարշահոտությունը մինչև հիմա էլ շնչառությանս մեջ է ու զզվանքի չափ ազդում է ներաշխարհիս վրա: Լրագրողի այն հարցին,թե արդյոք տիկին Հակոբյանին բավարարո՞ւմ է իր ֆինանսականը: Նախարարն առանց նշույլ անգամ ամոթանքի,հայտարարեց,որ մինչև հիմա էլ իրեն ֆինանսապես աջակցում է հայրը:
Ա՛յ քեզ, իրոք, խայտառակություն:
Սովորական դասախոս աշխատող հայրը ի՞նչ միջոցներով ու հնարավորություններով պետք է բավարարեր նախարարի պաշտոնին բազմած դստեր ախորժակը:Դա ծիծաղելի և անընդունելի էր ոչ միայն ինձ,այլև մյուս բոլոր ընթերցողների համար:
Եկել է ժամանակը, սիրելի հայրենակիցներ,որ Սփյուռքի նախարարը սփյուռքից իրոք պետք է լինի,այնտեղ ծնված ու մեծացած,կրթություն ու որակավորում ստացած,որը կարող է հոգեբանորեն ավելի հստակ մոտենալ սփյուռքահայերի պահանջներին ու խնդիրներին:Ճիշտ է,մենք բոլորս հայ ենք,մի ազգ ու ամբողջականություն,բայց հոգեվիճակի ու հոգեկերտվածքի մեջ բավականին անվիճելի տարբերություններ կան:
Սփյուռքը չպետք է ճանաչել ու տեսնել միայն այն ժամանակ,երբ դրա կարիքն ու նյութական կախվածությունը կա: Բոլորովին` ոչ:
Սփյուռքահայերի շարքերում կան այնպիսի խորը անհատականություններ,որոնք այսօր կարող են արժանանալ ու զբաղեցնել այդ պատասխանատու պաշտոնը:Այդ թեկնածուների թվում վստահորեն կարող եմ ակնարկել երկու հրաշալի անուն՝ Զարեհ Սինանյան և Մացակ Փոլադյան:
Պարզապես գտնում եմ, որ վաղուց է հասունացել այդ հրատապ խնդիրը և նրան պատշաճ կարևորություն պետք է տալ:Կարծում եմ, արդեն ժամանակն է իրատես ու ողջամիտ գտնվելու:
ՀԱՅԿՈՒՇ ՆԱԶԻՆՅԱՆ
Այս նյութը դիտել են - 40029 անգամ