Փորձ է արվում փաստաբանությունը, որպես ինստիտուտ, վերացնել. Երվանդ Վարոսյանը՝ Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մասին Factor 2017-11-08 21:59:00
Պետությունը լրացուցիչ մահակ է տալիս դատարանների ձեռքը, որով դատական նիստերի դահլիճում փորձ է արվելու լռեցնել փաստաբաններին:
Factor.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանն՝ անդրադառնալով ՀՀ դատական նոր օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին: Առաջարկվող փոփոխությամբ փաստաբանների և դատախազների նկատմամբ կարող է տուգանք կիրառվել՝ առնվազն 100 հազար դրամի չափով: Երվանդ Վարոսյանը պնդում է՝ նման փոփոխություն կատարելու որևէ նախադրյալ չկա: «Դատարանների դահլիճում չկա անհարգալից վերաբերմունք դատավորների նկատմամբ, եթե հատուկենտ դեպքեր էլ կան, ապա գործող օրենսդրությունը լիարժեք թույլ է տալիս այդ հարցերը կարգավորել: Հնարավոր է սանկիցաներ կիրառել, դիմել Փաստաբանների պալատ, բացի այդ՝ չմոռանանք նաև, որ կա քրեական պատասխանատվություն՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որը դրսևորվում է ոչ միայն դատավորին, այլ նաև դատավարության մասնակիցներին վիրավորելով, այդ թվում՝ նաև դատախազին: Ուստի նորամուծություն մտցնել տուգանքի տեսքով, երբ դատավորը պահի տակ առանց որևէ բան քննարկելու, պետք է որոշի, որ ինքը վիրավորվել է և դրա դիմաց տուգանք նշանակի՝ սա, իհարկե, աբսուրդի ժանրից է»,- ընդգծեց փաստաբանը: Վարոսյանի համոզմամբ՝ վերջին տարիներին փաստաբանների նկատմամբ ճնշումներն ակնհայտ են դառնում: «Սա հերթական քայլերից մեկն է, որով փորձ է արվում փաստաբանությունը, որպես ինստիտուտ, վերացնել: Դա որևէ մեկին ձեռնտու չէ, այդ թվում՝ արդարադատություն իրականացնող մարմնին, որովհետև դատարանի դահլիճում անընդհատ տուգանքի մասին մտածող փաստաբանը փաստաբան չէ»,- շեշեց Երվանդ Վարոսյանը: Factor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ համախմբվեն և պայքարեն վիճահարույց այդ դրույթի դեմ, հաշվի առնելով, որ Արա Զոհրաբյանը ևս դեմ է առաջարկվող փոփոխությանը, Վարոսյանը պատասխանեց. «Ես, իմ ըկներները պայքարի մեջ ենք, եթե Փաստաբանների պալատն էլ լինի այդ պայքարի մեջ՝ շատ ավելի լավ, իսկ եթե ոչ՝ իրենց խնդիրն է»: Փաստաբանն, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ մինչ կառավարության հաստատմանն ուղարկելը Արդարադատության նախարարությունն այդ դրույթը կհանի: