Սիրանույշ Պապյանն ընդդեմ ոստիկանապետի գործով դատաքննությունն ավարտվեց 1in
2017-11-15 13:56:00

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գայանե Մազմանյանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական նիստ՝ «Լրագրող Սիրանույշ Պապյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի» գործով:

Նիստին ներկա էին ինչպես հայցվորի ներկայացուցիչներ, փաստաբաններ Դավիթ Ասատրյանն ու Միհրան Աղաբաբյանը, այնպես էլ պատասխանողի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրող Սիրանույշ Պապյանը ՀՀ ոստիկանապետին ոստիկանության համակարգում բարեփոխումների վերաբերյալ հարցրել է. «Բարեփոխումներ չենք տեսնում, ե՞րբ կտեսնենք»: Այնուհետև լրագրողն ասել է. «Խոսքից այն կողմ գործ չենք տեսնում»: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողին ասել է. «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»:

Լրագրող Սիրանույշ Պապյանն իր պատվին ու արժանապատվությանը ոստիկանապետի կողմից պատճառված վնասի հատուցման պահանջով հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Լրագրողը պահանջել է. «Ինձ վիրավորելու համար պարտավորեցնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել»:

Հետագայում ևս երկու պահանջ է ավելացվել հայցին՝ ճանաչել և հաստատել հայցվորի՝ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստը, ինչպես նաև՝ հաստատել այն փաստը, որ Սիրանույշ Պապյանը ենթարկվել է գենդերային խտրականության:

Դատական այս նիստում տեղի ունեցավ գործի վերջնական դատաքննությունը:

Ըստ Սիրանույշ Պապյանի ներկայացուցիչների՝ վերջնական դատաքննության ժամանակ հաստատվեց, որ պատասխանող կողմի հիմնավորումներն անհիմն են: Տեղի է ունեցել վիրավորում, ինչպես նաև խտրականություն ու խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Ըստ հայցվոր Սիրանույշ Պապյանի ներկայացուցիչների՝ պատասխանողի ներկայացուցիչը դատաքննության ամբողջ ընթացքում շրջանցել է այն հարցը՝ ոստիկանապետի կողմից լրագրողին ուղղված վիրավորանք եղե՞լ է, թե՞ ոչ: Ոստիկանության պատասխանով՝ լրագրողը ոստիկանապետին տվել է «սադրիչ հարց» և ստացել է «համարժեք պատասխան»: Ըստ հայցվորի ներկայացուցիչների՝ ստացվում է, որ ըստ էության՝ լրագրողին «պատասխանատվության են ենթարկել»:

Դատաքննության ընթացքում ելույթ ունեցան կողմերը, դատարանը հետազոտեց գործում առկա նյութերը:

Հայցվորի ներկայացուցիչների միջնորդությամբ դատարանը հետազոտեց հայցվորի ու պատասխանողի ներկայացրած կրիչների բովանդակությունը՝ խնդրո առարկա հարցուպատասխանի տեսանյութը՝ տարբեր տեսախցիկներով նկարված:

Ոստիկանապետն իրեն շրջապատած լրագրողներին ասում է՝ բանսարկություններով չզբաղվեք: Նա ասում է, թե ոստիկանությունը բարեփոխվում է, բայց հասարակության մեջ «կան տեսողության, լսողության, հասկանալու խնդիրներ», ապա դիմելով լրագրողին, ասում է. «Հասարակությունը եթե դուք եք, դուք չեք տեսնելու… Լրագրողները եթե լրագրողներ են, այլ ոչ թե բեյջերը բաժանած տղաներ ու աղջիկներ… Բարեփոխվեք, սիրելիս, բարեփոխվեք… Դուք դեղնում եք, գունաթափվում եք…»:

Լրագրող Սիրանույշ Պապյանն ասում է. «Բարեփոխումները չենք տեսնում»:

Ոստիկանապետը տեղաշարժվում է, այդ ընթացքում լրագրողն ասում է. «Խոսքից այն կողմ գործ չենք տեսնում»:

Ոստիկանապետը Սիրանույշ Պապյանին ասում է. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»:

Տեսանյութերի հետազոտումից հետո հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց՝ տեսանյութերը հաստատում են, որ պաշտոնյան վիրավորում է լրագրողին: Ընդ որում՝ Սիրանույշ Պապյանն ասում է «Բարեփոխումները չենք տեսնում»: Ոստիկանապետի պատասխանը հաջորդում է ո՛չ այս խոսքին: Լրագրողը շարունակում է. «Խոսքից այն կողմ գործ չենք տեսնում»: Դրանից հետո ոստիկանապետը, որ այդ ընթացքում տեղաշարժվել էր, լրագրողին ասում է. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»: Այսինքն՝ անձը դիտավորություն է ունեցել լրագրողին վիրավորելու և վիրավորել է: Ոստիկանապետի խոսքի տոնի, խոսքին նախորդող արտահայտությունների վերլուծությունից պարզ է դառնում, որ հասունանում է պահը՝ վիրավորանք հասցնելու, և պաշտոնյայի կողմից հնչեցվում է վիրավորանքը, և տեսանյութերով հաստատվում է ոչ միայն վիրավորելու փաստը, այլև՝ վիրավորելու դիտավորությունը:

Տեսանյութերի դիտումից հետո, երբ կողմերը այլ միջնորդություններ չարեցին, դատարանը հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է:

Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 29-ին:

Հայցվորի ներկայացուցիչները նիստից հետո նշեցին, որ իրենց ակնկալիքները գործի ելքի վերաբերյալ բավական դրական են: Ճիշտ է, իրենք հաշվի են առնում, թե ով է պատասխանողը, սակայն հայցվոր կողմի ներկայացրած ապացույցներն այնքան ակնհայտ են, որ դրական լուծման սպասելիքներն էլ միանգամայն իրատեսական են:

Այս նյութը դիտել են - 17358 անգամ