Ես մեկն եմ, ով մեծ տեղ է տալիս իր սրտին ու արկածներին
2017-11-16 09:46:00
11-րդ ա դասարանում Քրիստինե Կարապետյանի տողերն անակնկալ էին ինձ համար: Նա մեկն էր, ով զարմացրեց ինձ իր արածախնդրության ձգտման մեջ, որին անհագուրդ ցանկությամբ մեծ տեղ տվեց՝ արդարացնելով իրեն իսկ, որոնք ուղեկցվում էին հարցումներով ու դրանց տրված պատասխաններով: Սիրում է իր հայրենիքը, բայց մեծ ձգտում ունի դեպի արկածային կյանքն ու նորարարությունը, որոնց իրականացումն հնարավոր է տեղի ունենա մեկ այլ միջավայրում, որ իրեն օտար են, մեզանից հեռու:
«Ի՞նչն է ձեզ պահում Արցախում, արդյո՞ք պատկերացնում եք ձեր ապագան Արցախից դուրս»: Տիկին Պողոսյանի հարցն ուղղված էր ամբողջ դասարանին: Բոլորս լուռ էինք... Ուսուցչուհիս շարունակեց հարցը, թե կա՞ն դասարանում աշակերտներ, ովքեր կցանկանան հետագայում ապրել ուրիշ երկրում:
Չկարողացա հետաքրքրությունս զսպել և ցանկություն հայտնեցի լսել ուսուցչուհուս այդ հարցի շուրջ: Ուշադիր լսում էի նրա կողմից տրվող պատասխանին: Լսում էի... Մինչ ունկնդրում էի նրան, թե ինչն է ինձ պահում Արցախում, և որտե՞ղ եմ ինձ տեսնում ապագայում, ուղեղս ինձ ազդանշաններ էր ուղարկում: Ազդանշաններն արձագանքներ էին համամտության, ինչպես նաև՝ այլամտության:
«Չգիտեմ ով ինչպես...»: Ուզում եմ հենց այսպես սկսել իմ անձնական կարծիք արտահայտող շարադրանքը: Ուզում եմ խոսել միայն իմ անունից, միայն իմ անձնական «ես»-ից:
Ես ապրում եմ սահմանամերձ գոտում... Մի՞թե ընտանիքիս այստեղ բնակվելն է ինձ պահում այստեղ: Միայն դա չէ պատճառը: Ես ունեմ մեկ այլ պատճառ, որը վեր է ամեն ինչից: Եվ դա իմ հայրենիքն է, իմ սերը դեպի իմ լեռնային աշխարհը: Չեմ ուզում խոսել հայրենիքիս հանդեպ տածած սիրո մասին: Պատկերացրե՛ք, որ ես էլ սիրում եմ հայրենիքս այնքան, որքան՝ մյուսները:
Հիմա մեկ հարց. «Եթե հնարավորություն է տրված «գնալ հեռուն» և բացահայտվել մեկ այլ աշխարհում, որտեղ մեր կյանքը գրեթե կնմանվի անբիծ թղթի, ապա ինչու՞ բաց թողնել ընձեռված հնարավորությունը և չգնալ այդ նոր միջավայրը՝ նոր գիրք ստեղծելու...»:
Այո՛, ես կգնամ «հեռուն»: Միգուցե իմ պատասխանը եսասիրություն թվա՝ թողնել հայրենիքը՝ նոր գիրք ստեղծելու համար: Ո՛չ, դա եսասիրություն չէ, դա արկածախնդրություն է կամ անհագ ծարավ դեպի նորարարություն: Ինչու՞ ապրել միապաղաղ, երբ ապրում ենք միայն մեկ անգամ: Մեզ տրված է միայն մեկ հնարավորություն: Արարիչը մեզ կյանք է տվել: Իսկ ինձ համար կյանք ասվածը ոչինչ է առանց արկածների: Հենց այդ արկածներն են իմ կյանքին, իմ ապրած ամեն մի օրվան գույն ու շունչ տալիս: Որտեղ էլ լինես, ինչ էլ անես, պետք է տարօրինակություն ու յուրօրինակություն ունենաս, որ հիշվես միլիարդների մեջ: Ինչպե՞ս սպանեմ իմ մեջ նորը ստեղծելու, տեսնելու, զգալու, ապրելու ցանկությունը:
Հիմա ինձ կհարցնեք, թե ու՞ր կորավ հայրենիքդ, ինչու՞ այդքան հեշտ մոռացար այն, մի՞թե օտարության քաղցրությունը կարողացավ մոռացության մատնել հայրենիքը:
Եկե՛ք համեմատենք «օտար» և «հայրենի» բառերը լեզվաբանորեն: «Օտարի» մեջ չկա այն տաք շունչը, որ կա «հայրենի» բառի մեջ: Եվ ինչքան էլ օտարության մեջ լինի քաղցրություն, ջերմություն, այն երբեք չի գերազանցի հայրենիքին: Բայց ինչի՞ համար են զգացմունքները: Եթե չլինենք հայրենիքից հեռու, ապա ինչպե՞ս զգանք «կարոտ» ասվածը: Ինչպե՞ս կարոտել մի բան, որի մի անմիջական մասն ես: Եվ ինչպես չկարոտել հայրենիքը, երբ հեռավորությունն ու տարածությունն են բաժանում: Կմտածեն ոմանք, որ ես չեմ հասկանում, չեմ դատում, չեմ գնահատում, ու այսպես էլի «չեմ-եր»: Բայց ես իմ սրտի ու զգացմունքների առջև անզոր եմ և չեմ կարող ցանկություններս ամուր փակել մի տուփի մեջ՝ մոռանալով տուփի գոյության մասին:
Չգիտեմ որքանով կարողացա հասկացնել իմ էությունը: Ես մեկն եմ, ով մեծ տեղ է տալիս իր սրտին ու արկածներին: Սա էլ կբացատրեմ մաթեմատիկորեն: Կյանքը նման է անսահման տարածության, արկածներն էլ դրա մեջ գծված պատկերներն են: Եթե տարածության մեջ թվերով նշված մարդկանց, առավել ևս՝ զգացմունքների հանդիպենք, անուշադրության կմատնենք 0-ն, քանի որ այն դատարկություն է, իսկ ոչ մի իրական զգացմունք, նույնիսկ չնչին մասով, չունի դատարկություն:
Որպես վերջաբան ասեմ, որ ինձ ապագայում պատրաստ եմ տեսնել ամենուր, միայն թե հաճելի լինի ապրած կյանքս և ազնիվ լինեմ խղճիս հանդեպ: Խոսքս ուզում եմ եզրափակել Պաուլո Կոելյոյի՝ իմ ամենասիրելի գրքային մեջբերմամբ. «Տիեզերքի հոգին սնվում է մարդկային երջանկությամբ: Եթե երբևիցե ինչ-որ բան ցանկանաս՝ ողջ Տիեզերքը նպաստելու է քո ցանկության կատարմանը»:
Դասարանի լավագույն աշակերտուհիներից է Քրիստինեն: Իր ընդունակություններով, աշխատասիրությամբ, պատասխանատվության զգացումով տարբերվում է նա, բայց նաև զարմացած եմ նրա արկածային կյանքի ձգտելու հակումով՝ կողմնակից լինելով այն նորարարությանը, որն ապագայում օգտակար կլինի նաև մեր հայրենիքին: Հետաքրքրությունս, թե ինչ արկածների է նա ձգտում, արձագանեց ժպիտով ու այն անսովորով, որը մեր միջավայրում անհարմար է՝ տեսանելի դառնար, բայց օտար միջավայրում սովորական կլիներ: Որպես իր ուսուցչուհին՝ որքան էլ համամիտ չլինեի արկածախնդրության այդ ձգտմանը, միևնույն է, նրա այդ երազանքների իրականացման ջատագովն եմ դառնում, թող ի կատար ածվեն նրա մատաղ սրտի բոլոր իղձերը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 16106 անգամ