«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազարական դրամ պարգևատրում են ստացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության 7 աշխատակիցներ՝ պետից մինչև գործավար:
Միայն թե անհասկանալի է՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու իր աշխատակիցները ո՞ր արժանիքի և ձեռքբերումների համար են արժանացել 100 հազարական դրամի, եթե մայրաքաղաքի տրանսպորտը շարունակում է մնալ խայտառակ վիճակում:
Հ. Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ միայն ասաց. «Այդ հարցը տվե՛ք նրան, ով որ պարգևատրել է»:
Բայց եթե հաշվի առնենք փաստը, որ պարգևատրման որոշումը կայացվել է հունիսին, կարելի է ենթադրել՝ այսպես Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրություններում իր օգտին աշխատելու համար: Լուրեր կան, որ Նավասարդյանն իր աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրական շրջանում զբաղված էր ՀՀԿ օգտին ձայներ հավաքելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 8671 անգամ