Ծնողը խնդրում էր մանկավարժիս միջամտությունը
2017-11-23 11:23:00
Հեռախոսի մյուս կողմից անհանգիստ ձայնն ինձ ասում էր, որ երեխան չի ուզում դպրոց հաճախել: Պատճառը պարզ չէր, երբ նրա մոտ միտք էր ծագել, թե ընդհանրապես ինչու՞ են երեխաները դպրոց գնում, և հարմար էր գտել օրերով տանը նստել, միայն հեռու մնար դաս սովորելու ամենօրյա պարտականությունից: Ծնողը խնդրում էր մանկավարժիս միջամտությունը:
Անմիջապես հարցրի, թե ինչպես կարող եմ կապվել երեխայի հետ: Հեռախոսահամարը ձեռքիս էր, մնում էր ինչ-որ բան մտածել: Շուտով ինձ արձագանքում է մի շատ դուրեկան ձայն: Ես զրուցում եմ նրա հետ մտերմական, իմ խոսքերում կարոտ կար մեկի հանդեպ, ում օրերով չէի տեսել, ափսոսանք կար խոսքիս մեջ, որ նա բացակայում է, խորհուրդ կար իմ խոսքում, որ դասերի բացթողումը լուրջ հետևանքներ կունենա նրա ուսումնառության ընթացքի վրա:
Նա պարելու, երգելու լավագույն շնորհ ուներ, բազմիցս հիացրել էր մեզ: Ասմունքում էր երբեմն արտահայտիչ, չնայած չէր սիրում անգիր սովորել: Դասերի հանդեպ անտարբեր էր, բայց պարում էր հիացնելու չափ, երգում էր հյութեղ:
Մեր խոսակցությունը շատ մեղմ էր ընթանում, անկեղծ: Երբեմն ծիծաղի կտորներ էին հասնում ինձ հեռախոսի մյուս կողմից, երբեմն՝ զարմանք արտահայտող խոսքեր...Դա մի զրույց էր տարածության մեջ դեռահասի և ուսուցչուհու, ու երկուսս էլ բավարարված զգացինք, երբ փոխադարձ հասկացվածություն կար մեր միջև: Մենք հասկացանք, որ շտկված է ամեն ինչ, այն բոլոր «արգելքները» վերացված են, որ նրան այդ օրերին «հեռացրել էին» դպրոցից:
Իրավիճակը հարթեցված էր, բայց որո՞նք են պատճառները, որ երեխան երբեմն հրաժարվում է դպրոց հաճախելուց: Ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերության մեջ փորձում եմ գտնել այն «ոսկե միջինը», որի հարթության վրա պետք է մնա մեզանից յուրաքանչյուրը:
Ընտանեկան պայմաննե՞րը, թե՞ ծնողների կողմից նրան ուղղված ոչ վայելուչ վարվելակե՞րպը: Աշակերտի ծուլությու՞նը դասերի հանդեպ, որ չի կարողանում հաղթահարել, թե՞ պարապ մնալու անհագուրդ ծարավը, որից կտրվում է նա, երբ դպրոց է հաճախում: Կամ գուցե այդ երեխայի հանդեպ իր շրջապատի ընկերական միջավայրի ոչ բարյացակամ վերաբերմու՞նք կա, որ տանում է նրան մեկուսացման... Թե՞ դասավանդող ուսուցիչ կա, ում դասերից խուսափու՞մ է աշակերտը:
Շուտով դպրոց հաճախող այդ աշակերտի հետ ես առերես զրուցում եմ: Նա մերժում է բոլոր բացասական ազդեցությունները, որ կարող են ներգործել իր վրա: Կողքին նստող աշակերտուհին հաստատում է նման երևույթների բացակայությունը, համադասարանցիները դրական որակներով են բնութագրում դասարանի տաղանդաշատ աշակերտին, ով բոլորի հետ համերաշխ է, հարգանքով լեցուն:
Այս անգամ իմ գրառման «հերոսը» անհայտ կմնա, դասարանն էլ չեմ նշում: Կարևորը ծնողի գոհունակությունն էր, որ վերջապես երեխան դպրոց է հաճախում, որով էլ տրվում են բոլոր անհասկանալի հարցերի պատասխանները:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 15685 անգամ