«Ընդդիմադիր» կոչվածներին` Լոս Անջելեսում, կարելի է մի քանի խմբի բաժանել2017-11-28 08:01:00
Հայաստանում ընդդիմություն`որպես այդպիսին, գոյության հարցը վաղուց պատկանում է այն հարցերի թվին, որոնք խիստ հարաբերական բնույթ են կրում:
Ճիշտ է` ընդդիմություն զուտ ֆիզիկապես գոյություն ունի, այն հաճախ նույնիսկ բավական կրակոտ ելույթներ է ունենում, ասենք՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, իսկ մեկ-մեկ էլ կոպիտ արտահայտվում իշխանությունների հասցեին, բայց նույնիսկ այս իրողությունը ոչ մի կերպ չի նպաստում այն կարծրատիպի վերացմանը, որի կրողներն ուղղակի համոզված են` քաղաքական դաշտը վաղուց վերածվել է իրական կրկեսի:
Սա` Հայաստանում:
Իսկ ի՞նչ իրավիճակ է սփյուռքում և ,մասնավորապես, Լոս Անջելեսում:
Կա՞, արդյոք,այստեղ ընդդիմություն, թե՞ այստեղ նույնպես իշխանությունները կարողացել են այնպիսի մի իրավիճակ ստեղծել, երբ այդպես էլ չես կարողանում գոնե ինքդ քեզ համար որոշել ընդդիմության գոյության-չգոյության հարցը:
Այս առումով, նկատել է պետք, որ Սփյուռքում ստեղծված վիճակը գործնականում ոչնչով չի տարբերում Հայաստանում տիրող մթնոլորտից. «ընդդիմություն» կոչվածն այստեղ վաղուց`շատ վաղուց, խիստ հարաբերական հասկացություն է դարձել: Ավելին` բանը հասել է նրան,որ նրանք, ովքեր փորձում են խաղալ ընդդիմության դերն ու, ըստ էության,մոլորեցնել հանրությանը, վաղուց չեն էլ թաքցնում իրենց իրական նպատակներն ու չեն էլ մտահոգվում իրենց հեղինակության մասին:
«Ընդդիմադիր» կոչվածներին Լոս Անջելեսում, կարելի է մի քանի խմբի բաժանել.
առաջին` նրանք, ովքեր, ընդդիմադիր ձևանալով, արևմտյան գրանտների շնորհիվ հաջողությամբ ճարպակալում են, լուծում ընդամենը ֆինանսական խնդիրներ ու ձեռքի հետ էլ փոշիացնում ընդդիմադիր հայացքներ ունեցողների պոտենցիալն ու հիասթափություն առաջ բերում,
երկրորդ՝ և նրանք, ովքեր միգուցե տեղն եկած տեղը շատ ավելի կատաղի ու արմատական են ձևանում, սոցցաներում խմբավորումներ ստեղծում, ժողովրդական զանգվածներ գրգռում, բայց բոլորից թաքուն համագործակցում են, ասենք՝ հայաստանան ոստիկանության ներկայացուցիչների և նրանց հովանու ներքո պատվեր կատարող «կայքիքների» խմբագիրների հետ` հանդիսանալով ծպտյալ գործակալներ:
Նրանց բուն նպատակն, ի տարբերություն առաջին խմբի, ոչ այնքան փող աշխատելն է, որքան Սփյուռքի ընդդիմադիր հատվածին շեղելը, դրանց կառավարելն ու չեզոքացելը:
Ի դեպ` այս իմաստով սրանց նմանությունը հայաստանյան ընդդիմության որոշ տարրերի հետ բավական նկատելի է ու անթաքույց: Ու ստացվում է այնպես, որ արդարամիտ մեկն,ով չի ուզում համակերպվել անարդարությունների ու ճչացող օրինախախտումների հետ,ով ջանում է դեմ ելնել անարդարություններին,անգիտակցաբար տրվում է այդ կեղծ ընդդիմադիրների գայթակղություններին ու փորձում հետևել նրանց, համագործակցել:
Սակայն, ի զարմանս իրեն, հանկարծ հայտնաբերում է,որ իրեն,կոպիտ ասած, գցել են, «յան» են տվել, իսկ շիտակ համագործակցության մասին առհասարակ պետք է մոռանալ:
Լոս Անջելեսում կեղծ ընդդիմադիրները իրավիճակը հասցնում են որոշակի կուլմինացիոն կետի ու հետո հանկարծ հետ քաշվում նախօրոք հայտարարաված իրենց խոսքերից ու պլաններից,ինչի արդյունքում միայն խորանում է հիասթափությունը «ընդդիմություն» կոչեցյալից,ու մարդը հասկանում է,որ միայնակ է իր պայքարում ու որևիցե շոշափելի արդյունքի չի կարող հասնել:
Ի՞նչ կարող է նշանակել ընդդիմության փաստացի բացակայությունը մեզ համար 21-րդ դարում: Ինչո՞վ է այն վտանգավոր:
Վտանգը մեկն է` լճացումն ու անմրցունակ դառնալու իրական սպառնալիքը: Չէ՞ որ աշխարհի գերզարգացած երկրներն այդպիսին են դարձել մեկ բանի շնորհիվ միայն`ներքին մրցակցության`այդ թվում և քաղաքական: Բնության օրենքն է`այնտեղ ուր չկա մրցակցություն, չի կարող լինել և զարգացում: Հայաստանն ու Սփյուռքը, ինչպես հասկանալի է, չեն կարող բացառություն դառնալ:
Այս նյութը դիտել են - 20761 անգամ