USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 06 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱԶԳԸ ԴԱՎԱՃԱՆՎԵՑ...
2021-01-04 12:19:00
Տպել Տպել

Ինչպիսի՞ն են նրանք, ովքեր ժամանակից շուտ մեծացան, ովքեր ահասարսուռ պատերազմի ականատեսը դարձան, ովքեր նորից տարհանվեցին ու նորից վերադարձան...

9-րդ դասարանում է սովորում Արամ Հարությունյանը, ում հասուն մտքերն ինձ նորից տարան դեպի անցած պատերազմական օրերը:
«Կարո՞ղ է արդյոք մեկ օրում մի ամբողջ ազգի ճակատագիր փոխվել, հնարավո՞ր է արդյոք գրչի մի շարժումով ազգակործան ու դավաճան դառնալ։ Կարո՞ղ եմ արդյոք մեկ բառով պատասխանել՝ ո՛չ։
Կյանքս բաժանվել է երկու մասի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո։ Կհարցնեք՝ երջանի՞կ էի ես պատերազմից առաջ: Միանշանակ։
Դժնդակ օրերից, կյանքի դառը փորձություններից վեր հառնած և հարություն ստացած ազգը մեկ օրում «ընկավ»: Հաղթանակած ազգը դավաճանվեց, նրան «հաղթեց» հենց ինքը՝ հայը։ Տասնչորս տարեկան եմ։ Պատերազմի մասին պատկերացում եմ կազմել արցախյան ազատամարտին մասնակցած, մի քանի շրջանների ազատագրման փառավոր պայքարում իր անչափելի ներդրումն ունեցած հայրիկիս պատմածներից։ Հողերի հանձնման մասին կարդացել եմ պատմության դասագրքերում։ Իսկ այսօր... Այսօր ես կարող եմ պատմել արդեն իմ տեսածի ու զգացածի մասին, երբ երկու պատերազմ եմ տեսել։
2016-ի ապրիլի 2-ին արթնացա արկերի զարկից։ Թշնամին ռմբակոծում էր իմ հայրենի քաղաքը։ Բայց ես, թեկուզ այդ փոքր տարիքում, գիտակցում էի, որ մեր հաղթական ոգին չի պարտվի երբեք։ Հաղթեցինք... Մեր եղբայրների արյամբ սնվեց արցախյան հողը։ Մեզ թվաց՝ հաղթել ենք։ Բայց, ավա՜ղ, չորս տարի անց պատմությունը կրկնվեց։
Աշնանային մի արևոտ կիրակի թռչունների դայլայլի փոխարեն այգաբացը ազդարարեց թշնամական արկերի ծանր դղրդյունը։ Հայրս շտապ դուրս եկավ տնից, չէ՞ որ ազգի արժանի զավակը չէր կարող հանգիստ նստել՝ իմանալով, որ հայրենիքի գոյությունը վտանգված է։
Օրերը տարիներ էին թվում, վայրկյանները՝ ժամեր։ Կողքիս տատիկս էր, ով Արցախյան ազատամարտում կորցրել էր 18-ամյա որդուն, ում անունը ես մեծ հպարտությամբ կրում եմ, իսկ այսօր, արդեն երրորդ անգամ, հայրենիքի պաշտպանության գործին է լծվել ավագ որդին։
Հորաքրոջս երեք որդիները դիրքերում հայրենիքն էին պաշտպանում։ Աչքերը խոսուն էին, մի՞թե այն փոքրիկ անպաշտպան էակները, ովքեր առաջին քայլերն էին անում և առաջին անգամ «մայրիկ» ասում, այսօր պաշտպանում են իրենց համար ամենաթանկը՝ հայրենիքն ու մորը։
Մայրս կողքիս նստած արցունքներն էր զսպում: Ամուսինն ու երեք եղբայրները պաշտպանում էին մեզ, իսկ իրենց միակ պաշտպանն ու պահապանը Աստված էր։ Նստած էի մի անկյունում, կարծես ամեն ինչ հասկանում էի, բայց, միևնույն ժամանակ, ոչինչ չէի հասկանում։ Ինչպե՞ս կարող էր նրանցից թեկուզ մեկը չվերադառնալ տուն, չգրկել մորը և ասել՝ ես տանն եմ, մա՜յր։ Գիտակցելը, որ կարող էի այլևս չտեսնել նրանցից որևէ մեկին, հեղձուցիչ էր։ Մեզ մնում էր միայն աղոթել։ Հավատքը մեր ամենամեծ զենքն էր, մեր հավատն ուժ ուներ։ Ամեն զանգին սպասելը հավերժություն էր թվում, օրերով չէին զանգում, բայց երբ զանգում էին, ներքին հանգստություն էր տիրում։ Օրեցօր ավելացող զոհեր, հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջ մարտիկներ...
Երանի՜ երազ լիներ։ Բայց, ավա՜ղ, իրականությունը դառն էր։ Մեր պատմության մեջ ավելացավ ևս մեկ «մեկուկես»։ Պատահականությու՞ն էր արդյոք. 1915 թվականին 1,5 մլն հայ ցեղասպանվեց, 2020 թվականին 1,5 ամիս տևած սարսափելի պատերազմում մի ամբողջ սերունդ անմահացավ։ Պատերազմն «ավարտվեց», բայց անհայր մնացած զավակները, որդեկորույս մայրերն այդպես էլ չժպտացին... Նրանք կորցրել են ապրելու իմաստը։ Մեր հերոսները երկնային արքայությունից մեղմ ժպիտով շշնջում են. «Սրբի՛ր արցունքներդ, ես անմահ եմ, Մա՜մ»: Հավե~րժ փառք տանք մեր հերոս նահատակներին։ Նրանց սխրանքն անմահ է, թուրքահպատակ և ազգակործան դավաճանության կողքին հաղթել է Հայոց բանակը»։
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 1521 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook