USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 11 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՍԵՐԸ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՑՐՏԵՐՈՒՄ
2016-11-08 09:31:00
Տպել Տպել

«Իրիկնային աղջամուղջ» ժողովածուի մեջ է զետեղված արձակագիր Լևոն Ադյանի «Աշնանային ցրտեր» վիպակը: Գրողի ստեղծագործական տարերքը գյուղն է, այնտեղ ապրող մարդիկ, նրանց հոգեկան աշխարհը՝ իրենց անհանգիստ ապրումներով: Այդ հերոսները սիրում ու տառապում են իրենց ներսում և ասես նրանց ներքին ապրումները որևէ կապ չունեն սոցիալական հանգամանքների և հասարակական կյանքի այլ խնդիրների հետ: Սակայն դա սոսկ թվում է, առանցքում հոգեկան խռովքում գտնվող անհատն է, նրա խռովահույզ մտորումներում վերակենդանացած մի կորսված պատանեկան սեր, որ երբեք չի մոռացվում:
Աղմկեցին, անցան անձրևները աշնան… Բնաբան դարձած մեկ տող, որ պիտի դառնար Ադյան գրողի ստեղծած կերպարների հոգեվիճակների արտահայտություն: Մի պահ էությանդ մեջ ներսուզվում են տերյանական թախծոտ անհուսության ապրումները: Կարծես տարվա եղանակների հետ են պայմանավորված զգացմունքային բոլոր դրսևորումները, որ առկա են այս վիպակի գործող անձանց հոգեկան ապրումներում, որոնք զուգահեռվում են աշնան պատկերի հետ. «Աննկատելի սկսվեց ու անցավ ձմեռը՝ ձնառատ ու տաք։ Հետո, ինչպես տոնական երկու խնդուն օր, ցոլացին և անցան գարունն ու ամառը։ Եվ ահա եկել է աշունը՝ անձրևներով, հազվադեպ արևի պայծառ, արդեն սառը վերջին փայլով, ծառերի տակ թափված գույնզգույն թոշնած տերևներով, պաղ օդով, առավոտյան դրած եղյամով ու անթափանց խոնավ մառախուղներով»։
Աշնանային մի գեղեցիկ բնանկար և դրա կողքին՝ վիպակի հերոսուհու հուսաբեկ կերպար, որտեղ անցած օրերը դառնում են երազելի ժամանակ և վերհուշ: Իսկ նա այդ անցյալի աշնանային օրերին երբեմն հորիզոնում երևացող դալուկ արևի նման չէր, այլ մի ամբողջ աշխարհ էր, մի կենդանի ու շարժուն տարերք, ով դպրոցական տարիների ավարտական դասարանում սկսեց վայելել մի գեղեցիկ սեր, որ պիտի դառնար անանցողիկ մի հուշ և հոգու տվայտանքների թախծոտ արձագանք: «Անահիտը բարի գիշեր մաղթեց հերթապահ բժշկին ու բուժքրոջը և դուրս եկավ հիվանդանոցից։ …Չգիտես ինչու, աշնանային այդ երեկոն Անահիտին թվաց մի տեսակ ոչ սովորական։ Դա արտասավոր երեկո էր, իսկ թե ինչու միանգամից այդպես թվաց՝ Անահիտը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ։ Սիրտն անհանգիստ էր։ Սիրտն ինչ–որ բան էր զգում՝ ոչ այն է կարոտալի, ոչ այն է տագնապալից։ Հոգնել էր երևի։ Նա մի քանի վայրկյան կանգնեց գյուղական հիվանդանոցի փայտե աստիճաններին՝ մինչև աչքերը կընտելանային մթությանը, ու նոր միայն գնաց անձրևներից հետո տոփանված արահետով»։
Ադյան գրողի հերոսները երբեմն հայտնվում են մենության մեջ, նրանք մի ներքին մենախոսությամբ բացահայտում են իրենց հոգում տեղի ունեցող ներքին ճգնաժամը: Երևակայական ու հնարովի աշխարհից հեռու է գրողը, նա իրականությունն է նկարագրում, ստեղծում իրական կերպարներ՝ իրենց հոգու անհանգստությամբ, ներքին մտորումներով ու խռովքով. «Անահիտը ամեն անգամ զարմանում է՝ ինչո՞ւ իր կյանքն այդպես անիմաստ ու հիմարաբար դասավորվեց։ Ե՞րբ, ո՞ր օրը ճեղք տվեց այն, և այդ ճեղքը գնալով մեծացավ՝ դառնալով անդունդի նման խոր, և օրեցօր ավելի սարսափելի է թվում նայել այդ վիհի խորքը։ Ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ դու ամեն ինչ ունես՝ սիրելի որդի ու քեզ սիրող ամուսին, տունուտեղ, սրտովդ է նաև աշխատանքդ, ամեն ինչ կա՝ բացի մի բանից, որին տենչում ես ամբողջ կյանքում՝ մի քիչ երջանկություն»։
Իբրև գեղագետ՝ կերպարների կերտման արվեստում վարպետացած Ադյան գրողը կարողանում է անցյալը մոտեցնել, դարձնել ներկա, այն տեսանելի ու շոշափելի է դարձնում ընթերցողին, ավելի ցայտուն, որի համար էլ առանձնակի հետաքրքրությամբ ընկղմվում ես անցյալի հուշերի մեջ՝ մի պահ ասես մոռացած, որ ներկայից զատված մի այլ ժամանակում ես գտնվում: Գրողը մտնում է անցյալի խորքը, կարծես անցյալի հնությունից դուրս է բերում ցանկացած հերոսի, ում միջոցով կյանքի ճշմարտությունն է բացահայտվում: Եվ ահա հիշողությունը մարդկային երջանկությունն է իմաստավորում. «Տարիներ առաջ, երբ հայրը ողջ էր, մի խոսք ասաց։ Վերջերս, չգիտես ինչու, Անահիտը հաճախակի էր հիշում այդ խոսքը։ «Կաղնավուն մի թռչուն կա, հանդերում է լինում, երջանկությունը նման է էդ թռչունին,-ասաց հայրն այն ժամանակ։-Նստում է աչքիդ առաջ, մի երկու քայլի վրա, ուզում ես բռնել, ցատկում, մի քիչ էն կողմ է կանգնում, ասում ես՝ մի քայլ էլ անեմ՝ կբռնեմ։ Խաբելով տանում է, է՜, աստված գիտի, թե որտեղ։ Մարդու երջանկությունը նման է էդ փոքրիկ թռչունին, թվում է ահա մոտ է արդեն, հասնում ես երջանկությանդ, բայց, չէ, էն թռչունի պես նորից իր ետևից տանում է քեզ ու մինչև վերջ էլ էդպես գնում ես երջանկության ետևից ու երբեք չես հասնում» »։
Ի՞նչ է երջանկությունը, որին ձգտում են շատերը, բայց այն հասանելի չէ ամենքին: Ու մտորումների շղթան տանում է նրան դեպի անցյալը, որտեղ գեղեցիկ ապրումներ կային, երկար սպասումներ, դպրոցական մաքուր մի սեր: Բայց հնարավո՞ր է ապրել առանց այդ երջանկության...Ադյանը հուշում է. «Հնարավոր է, իհարկե, բայց դրա հետ միասին երկինքը պարզապես մնում է անծայրածիր երկինք՝ սև դատարկությամբ, աստղերը՝ սովորական աստղեր, որոնք ոչ թե ժպտում, աչքով են անում գիշերային երկնքից, այլ հենց այնպես հղում են իրենց հեռավոր սառը լույսը, տան կողքով անցնող առուն չի կարկաչում մանկան զվարթ ծիծաղով…»: Այդ անցյալում Անահիտը երջանի՞կ էր, թե՞ նա ինքն էր ստեղծել այդ անցած երջանիկ շաբաթներն իր երևակայության մեջ: Այն ժամանակ ուրիշ էր կյանքը, կամրջից վեր` ուռենիների տակ, մի փոքրիկ աղբյուր կար, այնտեղ էին նրանք ամեն օր հանդիպում: Մամռոտ քարերի մոտ կամացուկ երգող անանուն աղբյուրը նրանց գաղտնիքն էր պահում. «Ճապկի ճիպոտի պես ճկուն, խաղացկուն իրանով մի սիրուն աղջիկ ու բարձրահասակ, սև հոնքերի տակից սևեռուն նայող լրջախոհ մի տղա համարյա ամեն օր գալիս են իր մոտ, իրեն են վստահում իրենց սերը, իր ներկայությամբ երկար զրուցում են` շարունակ շիկնելով ու չհամարձակվելով նայել իրար, խոսում են կամացուկ, և ինքը հասկանում է, իհարկե, որ սիրո մասին չի կարելի բարձր խոսել»: Կյանքը ճանաչած գրողը, լինելով իրականության նկատմամբ ուշադիր, ձգտում է տիպական կերպարներ ստեղծել կյանքի տիպական երևույթներում, որտեղ երբեմն դառնում է ոչ միայն դեպքերի նկարագրող ու պատկերող, այլ հենց ինքն էլ նույնացվում է այդ կերպարին, գրական երկը դարձնում իրական: Այստեղ գրողը մի նոր կերպար է մարմնավորում՝ կայուն բնավորությամբ, հաստատակամ գործողությունների մեջ, և այդ կերպարը աղջկա համար դառնում է երջանկության աղբյուր: Նա նույնիսկ ամաչում է, երբ հիշում է այն մասին, որ առաջինը ինքն է առաջարկել տղային, որ կհամբուրի նրան, եթե նա իր մշկամկենու գլխարկը տա իրեն…, Հիշողությունը նրան տանում է նորից այն աղբյուրը. «Անահիտը, դեռևս մեջքով սեղմված ծառաբնին և անուժ դիմադրելու Կարենի մոլուցքին, դանդաղորեն սահեց ցած՝ ասես տենդի մեջ՝ հառաչելով ու տնքալով։ «Մի՞թե հնարավոր է ապրել առանց քեզ»,-շշնջում էր Կարենը, անհագորեն շնչելով նրա աղջկական բույրն ու մոլեգնաբար համբուրելով հրագույն շուրթերը, թախծանուշ ջինջ աչքերը, դեմքը, մազերը…»։
Այդ օրերին աղջկան թվում էր՝ կխենթանա երջանկությունից, աշխարհը բարի էր նրա համար, հոգին էլ ցնծում էր ուրախությունից. «Կար ժամանակ՝ ուրիշ կերպ էր ամեն ինչ՝ և աստղերն էին ուրախ աչքով անում թավշյա մութ երկնքում, և առվակն էր ծիծաղում մանկան զնգուն ծիծաղով…»: Բայց մի անգամ Կարենը նրան ասաց. «Հիշի՛ր խոսքս. կգա ժամանակ՝ կկործանի քեզ անհաստատ բնավորությունդ»։ Իրավ, տղայի ասածի մեջ ճշմարտություն կար, գուցե կայուն բնավորություն ունենար, այդպե՞ս չդասավորվեր իր կյանքը. «Ով գիտի, երևի նրա կյանքը լավ է դասավորվել, այլապես գոնե մի անգամ գյուղ կգար. արդեն մի քանի տարի է հարազատ գյուղում չի եղել»։ Ժամանակը չնայած մոխրացնում է ամեն մի գեղեցիկ երազանք, բայց մարդուն նաև դատապարտում է անամոք տառապանքի: Ակնթարթ է դա, մի սխալ խոսք, որ մարդուն տանում է երազանքների մոխրացման սարսափելի ապրումներին, որտեղ մենակության տառապանքը իր հոգեվիճակը թեթևացնելու համար մի տաքուկ անկյուն է փնտրում, մի կարեկից սիրտ, ով կարող էր նրան փրկել կործանվող երազներից: Եվ Անահիտի հիշողության մեջ արթնանում է Մուշեղի խոսքը. «Այնուամենայնիվ, Անահի՛տ, դու ինձ հետ ես ամուսնանալու։ Եվ գիտե՞ս ինչու, Կարե՛ն։ Հիշի՛ր, կանայք սիրահարվում են բարդ բնավորությամբ տղամարդկանց, բայց որպես ամուսին` գերադասում են… իմ նմաններին…»:
Այս դեպքում երբեմն տխրությունը ողողվում է պայծառ երազանքով: Մտերմական նոր ապրումները թվում է մոռացության կտան անցյալում մնացած սիրո, կարոտի մորմոքները հոգու, որ պիտի երևան նոր խոստովանությունների տեսքով: «Անահիտը ճիգեր էր թափում՝ Մուշեղի սիրատենչ տաք գրկում անձնատուր լինել մոռացման։ Եվ երբեմնակի նրան նույնիսկ թվում էր, թե դա իրեն հաջողվում է... Սակայն Կարենի աննկատելի ներկայությունը զգացվոմ էր, նա այստեղ էր ու ամենուր՝ լուծված իրիկնային օդում, տաք մթության մեջ. «Պետք չէ, չեմ ուզում, նա չկա…»- համոզում էր Անահիտն ինքն իրեն՝ ահագնացող սոսկումով գիտակցելով, որ անզոր է դիմանալու այդ կախարդանքին. ինքը հիմա գրկում է ոչ թե Մուշեղին, այլ Կարենին…»:
Գրողը ամենևին չի խուսափում կյանքի բնական ընթացքի հետագա նկարագրությունից, իր հերոսուհին ամուսնանում է՝ հոգում անթեղած իր առաջին սերը: Լինու՞մ է գաղտնի երջանկություն, երբ մտորումներով ու երևակայությամբ վայելում ես կորցրած սիրո գեղեցկությունը: Բայց այդ երջանկությունը, գաղտնի մնալով, կորցնում է իր արժեքը, վերածվում հոգու ցավագին տառապանքի. «Անահիտի մեջ օտարացման զգացումն առաջանում էր այն ժամանակ, երբ նրանք մտնում էին անկողին։ Մուշեղի փաղաքշանքը թեև տհաճ չէր նրան, բայց և չէր հուզում, չէր ալեկոծում նրա արյունը, և որպեսզի թաքցներ դա, Անահիտը ստիպված էր լինում ձևացնել և, պատասխանելով նրա փաղաքշանքներին, նա սարսափով մտածում էր այն մասին, որ ինքն ամբողջ կյանքում պիտի ձևացնի և վախենա, որ Մուշեղը մի օր կզգա իր կեղծիքը…»: Ամուսնության սկզբնական շրջանում նրանց հարաբերություններում դժգոհության ոչ մի նշան չէր ցուցաբերվում, առերևույթ Անահիտը սիրալիր էր ամուսնու հետ, հոգատար ու գորովալից: Գուցե երեխայի ծնունդը վերջ կտար նրա հոգու երկատվածությանը, որտեղ երբեմն գլուխ էր բարձրացնում այն կորցրածը, իսկ այնտեղ հիացումի, խանդավառության, վայելումի հրաշալի պահեր կան, հոգու և սրտի ներդաշնակություն, որ երբևէ չեն մոռացվում: Նույնիսկ պատահեց այնպես, որ մի երկու անգամ «Անահիտն իրեն բռնեց այն բանում, որ քիչ էր մնում Մուշեղի փոխարեն արտասաներ Կարենի անունը և սառավ այն մտքից, որ երբևէ դա կարող է պատահել և թե ինչ կարող է տեղի ունենալ դրանից հետո։ Նա տենդայնորեն իրենից հեռու վանեց իրեն վախեցնող այդ անունը և գիշերային իր մեղքը՝ ամուսնու առջև, նա ձգտում էր քավել ցերեկները՝ նրա հանդեպ ցուցաբերած նուրբ հոգատարությամբ, փայփայանքով, հանգիստ բնավորությամբ»։ Արձակագիր գրողը շատ նուրբ հոգեբանական անցումներով է մոտենում վերջաբանին, պետք է ինչ-որ ձևով նա ազատեր իր հերոսուհուն ներքին տվայտանքներից, իսկ նա հիշողությունների մեջ է. «Դրսում շարունակում էր հոսել աշնանային արտասովոր, լուսնկա երեկոն: Անահիտը պատուհանի առջև նստած, վերհիշում էր անցած-գնացած օրերը»: Այդ ամուսնությունը հնարավոր է փլուզվեր, իսկ մարդասեր գրողը կողմնակից չէ ընտանիքի քայքայմանը, երբ հոգատար ամուսին կա այդ ընտանիքում, մեծացող որդի, որ շուտով առաջին դասարան պիտի հաճախեր: Կտրուկ մի շրջադարձ կարող էր փոխել գործողությունների ընթացքը, և դա Կարենի վերադարձն էր, և նա եկել էր այցելելու Անահիտի և Մուշեղի ընտանիքին, նա, ում մասին սուտ լուրեր էին տարածվել, որ իբր մոր պահանջով ամուսնացել էր հարուստ ազգականի աղջկա հետ: Կարենն էլ ընտանիք ուներ, բայց ի՞նչն էր նրան բերել այդտեղ, կամ ո՞վ...Առաջին կորսված սե՞րը, իր համադասարանցիների հետ հանդիպման ցանկությու՞նը, թե՞ այն մեծ ճշմարտությունը, որ նրա խոսքերով Ադյան գրողը պետք է ընդհանրացներ. «Մեր բախտը մեզնից է կախված, բայց հերիք է, որ թեկուզ մի անգամ թեթևամտորեն վերաբերվենք այդ բախտին, որպեսզի նա քեն հանի մեզնից մեր ամբողջ կյանքի ընթացքում»: Կարենի գնալուց հետո այդ օրը կեսգիշերին ամուսինն էլ կտառապի հոգու խորքում, երբ արթնանա, տեսնի կնոջ այտերի չչորացած, արծաթագույն արցունքները, իսկ աշնանային պարզկա, ցուրտ երկնքով անցնող կռունկների երամը կարձագանքի տխրամած կնոջ տառապանքին. «Կուր-լու, կուր-լու, թախծոտ կանչում էին կռունկները, նրանց թախծախառն կանչերը հեռանում էին...Ահա թե ինչու էր ամբողջ երեկոն թվում այնպես ոչ սովորական, արտասովոր, այո՛, իր սիրտն զգում էր, երևի, որ նա պիտի գար... »: Մոռացության տալու համար նա այտով կհպվի Մուշեղի՝ մեքենայի յուղի հոտ արձակող խոշոր, կոշտ ձեռափին՝ թույլ չտալով, որ նա ձեռքը քաշի, ու կփակի աչքերը՝ մի նոր անհանգստություն բերելով ամուսնու հոգուն. «Չեմ վերցնի, դու քնի՛ր…Բայց իր մեջ ակամայից մտածեց. ու՞մ ձեռքին ես հպվել այդպես՝ ի՞մ, թե՞…Եվ մտովի ընդհատեց ինքն իրեն՝ ուրիշ անուն չտալու համար»: Կանցնեն օրեր, ամիսներ, տարիներ, և գուցե մի օր, դպրոցական տարիների իրենց սերը անթեղած հոգիներում, այս վիպակի հերոսներն էլ, առանց վայելելու իրար, հեռվից հեռու կհաշտվեն իրենց ճակատագրի հետ` հիշելով, որ սերը մի աննյութական երազ էր, և այն անցավ անվերադարձ: Մնում է մի քանի խոսք ասել արվեստագետ Ադյան գրողի մասին… Նա գեղեցկության, հիացումի վեհ պահի նկարագիրն ունի իր մեջ, որ վարպետորեն թափանցում է իր կերտած հերոսների հոգեկան աշխարհը, նրբորեն բացահայտում նրանց ապրումները: Վիպակի գեղարվեստական բարձր արժեքը պայմանավորված է նաև գրողի՝ կյանքի մասին ունեցած իր ճշմարտացի իմաստությամբ, և ինչքան էլ որ այդ հերոսները հայտնվում են ընտանեկան կյանքի ծանր հանգուցակետում, հոգեբան գրողը կարողանում է նրանց վարքագծի պատճառների քննությամբ և այդ կերպարների հոգեբանական վերլուծությամբ կանգնեցնել նրանց կյանքի իսկական ճանապարհին: Թեկուզ նրա հերոսներն անցյալի հիշողություններում տառապում են լուռ, բայց գրողն իր վարպետ գրչով ամեն անգամ սովորեցնում է մարդուն ներդաշնակ ապրելու արվեստը:

Նատաշա Պողոսյան Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 3876 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook