Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:
Ժամը 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար ամենաշատ գումարը սահմանել են «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 100 հազար դրամ մեկ րոպեի համար: 60 հազար դրամ են պահանջում Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ու «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»:
Հ3 հեռուստաընկերությունը մեկ րոպեի համար ցանկանում է ստանալ 50 հազար դրամ, «Ա-Թիվի» հեռուստաընկերությունը՝ 40 հազար դրամ: «Երկիր Մեդիան» քարոզչության մեկ րոպեի գին է սահմանել 25 հազար դրամը, իսկ «Արմնյուզ» եւ «Ար» հեռուստաընկերությունները՝ 20 հազար դրամ:
Մեկ րոպեն «Կենտրոն»-ով կարժենա 18 հազար դրամ, իսկ «Արարատ»-ով՝ 10 հազար դրամ: