USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 20 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեր անհանգիստ օրերի մտածումների զրուցակիցը ես եմ
2017-05-11 10:11:00
Տպել Տպել

Մեզ համար անցյալը չի հնանում, երբեմն այն թարմանում է, ու այդ հնին ավելանում է նորը, և նորից զգում ենք, որ սպասման, խաղաղության խաթարման վտանգ կա մեր շուրջը: Երբեմն մեզ հասած ցավալի լուրը չենք ուզում բարձրաձայնել, բայց մտավախություն կա, ու բոլորիս անհանգստացնող «հանկարծ նորից չսկսվի»-ն տարածվում է ամենուր: Երբեմն լսում ենք սահմանային լարվածության մասին, որ մտնում է տնետուն և անհանգիստ ապրումների տեղիք տալիս: Տխուր մտածումների մեջ ենք ընկնում, կյանքի բնականոն ռիթմն ընդհատվում է, բայց նորից հավաքում ենք մեզ. սա մեր ճակատագիրն է, մեր ապրելակերպը: Ուրեմն պետք է հաշտվել, նորն ընտրելու ճանապարհ չունենք, ու այդ նորը դառնում է մեզ համար «խորթ» մի կյանք, որտեղ հանգիստ ու խաղաղ երկինք կա, բայց ոչ սահմանային գոտում ապրողներիս համար:
Երբեմն մեքենաների սրընթաց շարժը նկատելի է դառնում, բայց նորից աչք ենք փակում, ցանկանում, որ այն լինի թվացյալ: Դպրոցի ճամփան էլ առավոտյան երկար է թվում գիշերային մղձավանջային ապրումներից հետո: Բայց շատ լավ է, որ ամեն օրվա պես դասարաններում մեկ-երկու բացակայող աշակերտներ կան ու սովորական ընթացքով շարունակվող դասեր: Երկու զորեղ ու իրարամերժ ուժեր հակադրվում են իրար, երբ չենք ուզում արտաքուստ ցույց տալ մեր խռովահույզ ապրումները, երբ մեր ներսում ամեն ինչ փոթորկված է` վերստին պատերազմ սկսվելու տագնապով:
Ուսումնական տարին ավարտվում է, նոր հանձնարարություններ են տրվում` տարեվերջի կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքների հետ կապված: Կարծես ոչինչ չկա, ամենօրյա ընթացքով շարունակվում է կյանքը` մեր ականջները սահմանից մեզ հասնող խուլ ձայներին: Երբեմն օրվա լարված իրավիճակը սառը ջուր է լցնում մեր ոգևորության ու ձեռքբերումների վրա, նույնիսկ այդ պահերին դպրոցականների դեմքին ճառագած ժպիտը հակադրվում է մեր սիրտը սողոսկած տագնապին, որ գալիս է մերժելու կյանքի քար լռությունը, որտեղ սարսափն է իր թևերը փռել:
Ու այսպես ապրում ենք հնի ու նորի սահմանագծում` երբեմն հարցնելով ինքներս մեզ, թե այն մեծ քաղաքներում մարդիկ ինչպես են ապրում, երբ նրանք չունեն այն մեծ մտավախությունը, որ վաղը կարող է նորից ամեն ինչ կորցնեն ու սկսեն նորը ստեղծել, այն նորը, որ մեզ համար մեծագույն տագնապ է դառնում, չկամություն այդ նորի հանդեպ...
Կենսասեր մի ժողովուրդ ապրում է այստեղ մեծ հավատով, ու ապրելն այստեղ պայքար է դառնում, որ մերժում է անվերջ թափառումներով լի կյանքը, որ երբեմն ոչ մեր ցանկությամբ տնից-տեղից կտրում է մեզ: Մեր անհանգիստ ամեն մի օրն այսպես է անցնում ու դառնում մի նոր պատմություն, որ ավելանում է այն անցյալին ու հնանում, բայց երբեք չի մոռացվում: Ու այսպես Մարտակերտում հնի ու նորի սահմանագծում ենք, որ չենք ուզում այն նորը, որ այստեղից հեռու է` մեր տուն ու տեղից կտրված, թափառումներով լի մի կյանք, որ կարոտով լեցուն` խաղաղ երկինք և հայրենի տուն է ուզում:

Նատաշա Պողոսյան 


Այս նյութը դիտել են - 3613 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook