Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից: Կառավարությունում գտել են, որ «երբ սեփականատերը սահմանված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը»:
Պարզ ասած, եթե ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հանվում: Օրինակ, գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գումարը փոխանցում է արդեն նախկին սեփականատիրոջը:
Հետաքրքիր է, թե ովքեր են այս մտահղացման հեղինակաները և արդրոք նրանք ծանոթ են ՀՀ Սահմանադրությանը: Մարդու սեփականությունը, ըստ սահմանադրության անձեռնմխելի է և կապ չունի, թե նա սեփականության ձեռքբերումից հետո որ երկրի քաղաքացի է դարձել:
Սա մարդու սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում է, որը դժվար է հանդիպել մեր օրերի Թուրքիայում: Հայաստանի իշխանությունները սիրում են, որպես ոչ ժողովրդավար պետություն օրինակ բերել Թուրքիային: Այս երկրում 1970-80-ական թվականներին տեղի քուրդ բնակչության մեծ արտագաղթ է եղել: Արտագաղթածները երկար տարիներ է հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, բայց նրանք շարունակում են պահպանել իրենց սեփականությունը Թուրքիայում, այդ թվում նաև գյուղատնտեսական նշանակության հողերը:
Հիմա ստացվում է, որ ՀՀ կառավարությունը իր այս նոր նախաձեռնությամբ արգելում է հայերին վերադառնալ Հայաստան և առաջարկում է վաճառել իրենց վերջին սեփականությունը, որը իրենց կապում է Հայաստանի հետ, իսկ եթե քաղաքացիները չեն վաճառում, ապա այն բռնազավթում են: