Հարազատներ, Հայեր
2018-04-21 22:32:00
Ծանր ու դժվարին փորձության առաջ ենք կանգնած: 
Կարծես՝ «Մահ կամ ազատություն» Կարգախոսն է մեր ուղեկիցը:
Մայր ու մանուկ դուրս են ելել պայքարի, այսօր բոլորը կոչ են անում բանակցության, այո, այն թթվածնի նման անհրաժեշտ է մեզ, որովհետև Ադրբեջանը ակտիվացրել է մեր սահմաններին մարդկային և ռազմական տեխնիկայի շարժերը և կրակահերթերը, իսկ առջևում ապրիլի 24-ն է...նրանք միշտ այդ օրը հատուկ զոհաբեր հարձակումներ են անում, շատ զգույշ պետք է լինել....
30 տարի մենք շնչահեղձ եղանք պատերազմի և մեր վստահելիների գրպանային մտածողությունների պատճառով,կորցրեցինք մեր ազնվագույն զավակներին, շատ բան տանուլ տվեցինք, 30 տարին մի ողջ կյանք է, այսօր նոր սերունդն է ժամանակի տերը, նրանք չեն ուզում մեր նման ապրել՝ լքել հայրենիքը, պետք է գնահատել այդ ուժը, նրանց բացվելու հնարավորություն տալ՝ հայրենիք պահելու համար: Այս էներգիան Հայաստանի ուժն է, նրա ապագան, եթե կոտրեցինք նրանց, Հայաստանը անապատի կվերածվի...
Մեծարգո այրեր, ձեր իմաստնության պահեստային ուժերով ըմբռնումով մոտեցեք այս ամենին՝ չկորցնելու նաև ձեր տառապանքներով պահպանած հայրենիքը:
Բանակցություններ՝ հանուն ազգի, հանուն Եռաբլուրի, հանուն վաղվա օրվա, հանուն հայության:
Ռուզան Ասատրյան
Այս նյութը դիտել են - 46396 անգամ