Հայաստանում ոչինչ չի փոխվել՝ բացի անձերից.ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊ-ն
2018-10-15 09:40:00
Երբ հասարակությունն, ընդամենը մի քանի ամիս առաջ ոտքի կանգնած, պահանջում էր նախկինների հեռացումն ու նորերի գալուստը, բոլորը հույս ունեին, որ իշխանափոխության արդյունքում կհաջողվի Հայստանից մեկընդմիշտ ջնջել «արտոնյալներ» կամ «ավելի հավասարներ» հասկացությունները:
Հեղափոխության առաջնորդների կողմից լայնորեն գովազդվող լոզունգներից մեկն էլ հավասարությունն էր՝ դրա համակողմանի դրսևոումներով:
Պարզվում է՝ օրեր առաջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մայրիկն առողջական խնդիրներով (թունավորում՝ սև խավիարից) դիմել է Էրեբունի հիվանդանոց: Եվ ահա Hayeli.am-ի տեղեկություներով՝ միայն այն պատճառով, որ բժիշկների օգնությանը դիմածը հանդիսացել է փոխվարչապետի մայրը, հիվանդանոցի ողջ շենքը պաշարվել է պետական բազմաթիվ ավտոմքենաներով, «տոկի» են տվել բժիշկներին ու հիվանդանոցը՝ նախարարի հետ միասին խառնել իրար՝ ստիպելով ականատեսներին վերհիշել ՀՀԿ-ի իշխնության ժամանակաշրջանն ու սեփական փորձով համոզվել, որ ոչ մի հավասարության մասին խոսք անգամ գնալ չի կարող, եթե նույն այդ խոսքը վերաբերում է ասենք Արարատ Միրզոյանին կամ նրա հարազատներին։
Իհարկե, մայրը սրբություն է, և այստեղ երկրորդ կարծիք լինել ուղղակի չի կարող:
 Ավելին՝ միմիայն ողջունել կարելի է, երբ մարդկանց առօրյա ռացիոնի մեջ ներառված է լինում «հարուստների կերակուր» համարվող «սև իկրան», նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է «համեստ» հեղափոխականի ընտանիքին, սակայն անհասկանալի է մնում այն, թե որն էր իմաստը նույն այդ «համեստ» հեղափոխականի կողմից այնպիսի թոհուբոհի առաջացնելը, որ դրա արձագանքները հասնեին մամուլին ու թեմա դառնային: Մի՞թե բժիշկներն անտարբերության էին մատնելու փոխվարչապետի մորն, եթե հեղափոխության առաջնորդներից մեկը համարվող Արարատ Միրզոյանը, կյանքի կոչելով հավասարության վերաբերյալ հեղափոխական հայտնի կարգախոսը, մոր հետևից տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյուն չուղարկեր, այլ փորձեր չառանձնանալ այն նույն ժողովրդից, որի միամտության շնորհիվ ինքն ու իր թիմը հայտնվել են իշխանության ղեկին…
Մի քանի ամիս է անցել այն օրվանից, ինչ Նիկոլ Փաշինյանը համազգային աջակցության շնորհիվ հռչակվեց վարչապետ: Սակայն այդ մի քանի ամիսն էլ այսօր բավարար է, որպեսզի միանշանակորեն հնարավոր լինի պնդել, որ Հայաստանում խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել՝ բացի, թերևս, անձերից:
ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊ-ն՝ ընդամենը և ոչ ավելին:
Մի՞թե սա արդարացի է…
Այս նյութը դիտել են - 5127 անգամ