Հետհեղափոխական Հայաստանում խաղի կանոնները բոլորի՞ համար են, թե՞ միայն հեղափոխական տղերքի...2018-10-30 21:56:00
Վերջին օրերի աղմկահարույց լուրերից մեկն էլ փոխվարչապետ Ավինյանի կողմից Politik.am-ին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու մասին տեղեկությունն էր: Փոխվարչապետը Ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել էր, որ պատրաստվում է պատասխանատվության կանչել կայքին՝ իրեն «վանկարկելու» համար: Խոսքը, մասնավորապես, մի հրապարակման մասին է, ուր ասվում էր, որ Տիգրան Ավինյանը կառավարությունում մարիխուանա է օգտագործել:
![](files/3b7ba6167/11335/ece1fc12c5.jpg)
Թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, որքանով ոչ, թերևս, խոսակցության առանձին թեմա է, սակայն այն, որ Ավինյանի գերզգայունությունը տվյալ իրավիճակում մի տեսակ աչք է ծակում՝ առաջ բերելով մի շարք սուր, բայց կարևոր հարցադրումներ, անհերքելի է:
Իսկ գլխավոր հարցը հետևյալն է՝ հետհեղափոխական Հայաստանում հաստատված իբր նոր խաղի կանոնները բոլորի՞ համար են, թե՞ միայն հեղափոխական տղերքի ու նրանց շահերը սպասարկողների, արդարադատությունը կրում է ընտրովի՞, թե՞ համընդհանուր բնույթ: Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե ո՞ւր էին Ավինյանն ու նրա թիմի մյուս «օրինատենչ» ներկայացուցիչներն, երբ, օրինակ, վարչապետի կնոջը պատկանող «Հայկական ժամանակը» գեներալ Մանվել Գրիգորյանին ծաղրելու, նրան անվանարկելու նպատակով «ԱԱԾ-ի պադվալում» արված ապօրինի լուսանկարն էր հանրայնացնում՝ փորձելով էժանագին հեղինակություն ձեռք բերել ու տեսարան ապահովել ամբոխի համար: Ճիշտ է՝ հետո տեսնելով՝ «համը դուրս է գալիս»՝ սկսեցին ներողություններ խնդրել, բացատրել , որ չեն դիմացել «գայթակղությանն» և այլն, բայց բանն այդպես էլ դրանից այն կողմ չանցավ, ու ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց:
Պակաս ուշագրավ չէ նաև մեկ այլ հարց, որն այս անգամ վերաբերում է հայաստանյան էլեկտրոնային պսևդո մամուլին՝ mamul.am-ի նմանությամբ սոցիալական ցածր պատասխանատվություն ունեցող կայքերի պարագային՝ օրինակ:
Հայտնի է, որ վերոհիշյալ կայքով միառժամանակ առաջ կազմակերպված կերպով ապատեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ հայաստանյան իրավապահ համակարգի որոշ նախկին պաշտոնյաներ, իբր հանցավոր գործարքի մեջ մտնելով թշնամական Ադրբեջանի որոշ ուժերի հետ, հայ երեխաների առևտրով են զբաղվել, թրաֆիքինգ իրականցրել ու մարդկային ճակատագրերի վրա գումարներ աշխատել: Տեղեկությունն այս, իհարկե, միանգամայն կեղծ էր ու արդյունք՝ տեղեկատվական լկտի արշավի՝ ընդդեմ անմեղ մարդկանց, սակայն փաստ է այն, որ սույն խնդիրը, որքան էլ փորձ է արվում արժանացնել հատկապես նոր իշխանությունների ուշադրությանը, չի հաջողվում լուծել: Դեռ ոչ ոք այս զազրելի արարքի համար որևիցե պատասխանատվություն չի կրել ինչպես հին, այնպես էլ նոր իշխանությունների օրոք՝ չնայած, ինչպես հայտնի է, նույն ԱԱԾ-ին գրված դիմումների պակաս երբեք չի զգացվել՝ անգամ հեղափոխությունից հետո:
Մինչդեռ պատկան մարմինները հաջողությամբ մինչև այսօր թաղում են գործը:
ԱԱԾ-ն գցում է ոստիկանության վրա, սրանք էլ՝ ՀԿԳ-ի և այսպես շարունակ: Եվ ուրեմն՝ ինչո՞վ կարող է նույն Ավինյանը բացատրել իրերի նման դասավորությունը: Փաստորեն՝ երբ կպնում են իրենց, չի՛ կարելի, իսկ երբ հանցագործների թիրախում են հայտնվում այլոք՝ ասենք՝ ոչ հեղափոխականներ, դա արդեն իրավական խնդիր չէ, այլ խոսքի ու տեղեկատվության մատուցման ազատություն: Հետարքրիր է…
Ոչ պակաս հետաքրքիր են նաև նոր իշխանությունների՝ առհասարակ ազատ խոսքի մասին ունեցած պատկերացումները: Այս իմաստով Հայաստանում հաստատված գաղջ մթնոլորտն այդպես էլ չի հաջողվում գոնե մի փոքր ցրել: Երբ մեկը փորձում է սեփական իրավուքներն իրացնել ,ու , ասենք իշխանությունների կարծիքից տարբերվող կարծիք հայտնել կամ նրանց քննադատել, անմիջապես հայտնվում է հարյուրավոր կամ հազարավոր «ֆեյք զոմբիների» թիրախում՝ ստիպված լինելով սեփական մաշկի վրա զգալ հեղափոխության ողջ «պերճանքը»:
Երբ համապատասխան խնդրի առաջ են կանգնում հեղափոխական թիմի անդամներն, ասենք նույն Էջմիածնի պարմանուհի քաղաքապետն, ապա ԱԱԾ-ն արագորեն ու էֆեկտիվորեն կարողանում է չեզոքացնել տեղեկատվական աղբը սոցիալական ցանցերից, իսկ երբ խոսք է գնում ոչ հեղափոխական հայացքներ ունեցողների մասին, ապա այստեղ Վանեցյան Արթուրը լռում է ու անգորոծության մատնվում:
Միգուցե Ավինյանը նախ դատական պատասխանատվության կանչեր ԱԱԾ-ի՞ն ու հետո միայն սկսեր ԶԼՄ-ների դեմ արշավ իրականցնել: Այդպես, կարծում ենք, շատ ավելի արդարացի կլիներ, այլապես ո՞վ է պատասխան տալու որոշ դեպքերում որոշ իրավապահների, ԱԱԾ աշխատակիցների մասնագիտական անգործության համար:
Ցավոք, ինչպես իրականությունն է փաստում, Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել, ու ինչպես որ նախկիններն էին օրենքները հարմարեցնում իրենց, այնպես էլ ներկաներն են դրանք մեկնաբանում իրենց ձեռնտու կերպով ու իրենց հարմար տեսանկյունից՝ կիրառելով արժեհամակարգային երկակիության մեթոդը:
Հեղափոխական ես, ուրեմն՝ պաշտպանված ես, հեղափոխական չես, ուրեմն՝ պատրաստ եղիր սեփական մաշկիդ վրա զգալու հեղափոխական ստի ողջ բեռն ու ծանրությունը:
Ահա սա՛ է նոր Հայաստանի դաժան իրականությունը...
Այս նյութը դիտել են - 2582 անգամ