Աննա Հակոբյան vs Նիկոլ Փաշինյան. վտանգավոր մրցակցություն2018-11-22 15:37:00
Ժողովրդավարական երկրներում «առաջին տիկնոջ» ինստիտուտը երկար տասնամյակների պատմություն ունի: Ընդունված է համարել, որ պետությունների ղեկավարների կանանց որոշակի գործառույթներով օժտելը պայմանավորված է հասարակության ու առաջին դեմքի միջև օբյեկտիվորեն գոյություն ունեցող անդունդը կրճատելու ցանկությամբ, իշխանությանն առավել մարդասիրական դիմագծեր հաղորդելու ձգտմամբ:
![](files/3b7ba6167/11464/0158352f665c74985.jpg)
Վերջին երեք տասնամյակների անկախ Հայաստանն, ինչպես հայտնի է, հասցրել է ունենալ թվով չորս առաջին տիկին: Նրանցից յուրաքանչյուրն, անկասկած, որոշակի լումա ունի ներդրած հասարակության զարգացման գործում և, թերևս, բավական դժվար կլինի հստակորեն չափել, թե նրանցից ամեն մեկն ինչ չափով է սեփական նպաստը բերել հասարակությունը ներդաշնակ դարձնելու կարևոր գործին:
Կա մի բան, սակայն, որ Աննա Հակոբյանին բոլոր նախորդ առաջին տիկիններից տարբեր է դարձնում: Հակոբյանի անբնական ակտիվությունն է:
Հաճախ նույնիսկ ստեղծվում է տպավորություն, որ Հակոբյանն ու Փաշինյանը մրցակցության մեջ են մտել ու փորձում են իրար մեջ պարզել այն հարցը, թե քաղաքականապես ով ավելի ակտիվ կգտնվի, ով առավել մեծ նախաձեռնողականություն կցուցաբերի և այլն:
Մինչդեռ փաստ է, որ նախորդ երեք առաջին տիկինների պարագայում նման վատառողջ ձգտում չի եղել, նրանք իրենց ամուսիների հետ չհայտարարված մրցակցության մեջ չեն մտել, գերակտիվ չեն եղել հարցերում, որոնք այնքան էլ իրենց չի վերաբերել:
Արդարացվա՞ծ է, արդյոք, Աննա Հակոբյանի հիպերակտիվությունը, դիցուք, հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող հարցերում, որոնց «լուծմանը» նա պարբերաբար «ձեռնամուխ է լինում», հատկապես Ռուսաստանում՝ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում՝ ասենք կոչ անելով գնահատելու խաղաղությունը, ներողություն խնդրելով ազերիներից և այլն:
Օրերս էլ Հակոբյանը հանդիպել էր «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ վստահություն հայտելով որ նրանց բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: «Խնդիրները շատ են և ծավալուն: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ գնալ, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»,-հանդիպմանը, մասնավորապես, հայտարարել էր առաջին տիկինը:
Գուցե Հակոբյանն ամեն ինչ անում է՝ իբր թեթևացնելու ամուսնու ծանրաբեռնվածությունը, սակայն, արդյունքում ստացվում է այնպես, որ Աննան որոշ դեպքերում սեփական անձով է փոխարինում պետությանը, մինչդեռ տղամարդկանց ու կանանց սոցիալական գործառույթներն ի սկզբանե տարբեր են, միմյանցից անջատ:
Ինչ վերաբերում է Հակոբյանի գոծողությունների արդյունավետությանն, ապա այս իմաստով, թերևս, դժվար է կոնկրետ դրական փաստ արձանագրել: Այո՛, միգուցե կա ձգտում՝ մասնավորապես՝ Հայաստանի միջազգային իմիջն ավելի ընկալելի դարձնելու, սակայն աներկբա է, որ ռեալ պոլիտիկում նման բաները, մեղմ ասած, երկրորդական բնույթ են կրում: Նմանօրինակ կասկածելի նախաձեռնողականություն ցուցաբերելով իրավիճակ չես փոխի, չես ստիպի տղամադկանց ավելի մարդասեր դառնալ:
Իհարկե, չկա ցանկություն փնովելու որևէ մեկին կամ, առավել ևս, չարախոսելու մեկի անձի դեմ, պարզապես խնդիր կա հուշելու, գլխի գցելու, որ շատ ավելի ընկալելի կլիներ, եթե առավել մեծ ակտիվությամբ գործեր ոչ թե վարչապետի տիկինն, այլ, հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն, ում գործողություններն առայժմ կարծես կրում են ավելի շատ իներցիոն, քան իսկապես հեղափոխական բնույթ: Հեղափոխության իմիտացիա առաջացնելը դեռ հեղափոխություն չէ:
Այս նյութը դիտել են - 2540 անգամ