Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր ցավով տեղեկացա, որ երկարատև հացադուլից հետո բանտում մահացել է Մհեր Եղիազարյանը, ով բողոքում էր իր դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ և իրեն համարում քաղբանտարկյալ:
Այս ուր հասանք, սիրելի հայրենակիցներ… Նիկոլի դատարանը անմեղ մարդկանց է դատապարտում, մի կերպ դիմանում ենք, բայց հիմա արդեն Նիկոլի բանտում մարդ է մահանում՝ սա ինչպես ենք հանդուրժելու:
Սիրո և համերաշխության հեղափոխությունը շատերին տուն ցավ ու արցունք բերեց: Թացն էլ չորի հետ խառնած՝ հեղափոխական իշխանությունը սկսեց արդարություն հաստատել միանգամայն յուրովի մեթոդներով, սկսեց քայլել-անցնել մարդու տարրական իրավունքների վրայով… Եվ չկա ոչ մեկը, որ բռնի Նիկոլի կործանարար ձեռքը, ասի տղա ջան, մի արա բաներ, որոնց պատասխանը չես կարողանալու վաղը տալ: Մի կալանավորիր երկրորդ նախագահին, մի հալածիր սեփական ընդդիմախոսներին, մի վարձիր ֆեյքեր և մի հայհոյիր այն մարդկանց, ովքեր համարձակվել են քեզ քննադատել:
Ես չգիտեմ, որքանով էր փաստարկված Մհեր Եղիազարյանի գործը կամ թե ինչ հիմքերով էին նրան կալանավորել: Բայց փաստ է, որ նա ընդդիմադիր կայքի խմբագիր էր, հանդես էր գալիս իշխանությունների հրապարակային քննադատությամբ: Նաև փաստ է, որ ամիսուկես տևած հացադուլի ընթացքում այս մարդուն ոչ ոք տիրություն չարեց:
Այս նյութը դիտել են - 4325 անգամ