Ոչ միայն շատերն, այլև հենց մենք, բազմիցս ենք անդրադարձել այն հարցին, թե ինչ «բեսպրեդել» իրավիճակ է տիրել ՀՀ ոստիկանական համակարգում նախկինում՝ Վովայի օրոք, երբ համակարգի ներսում անմիջապես ոստիկանական համազգեստ կրողների կողմից գործվող հանցագործությունների թիվը շատ դեպքերում գերազանցում էր Ոստիկանության պատերից դուրս գործողների թվին:
Այսինքն՝ փոխարենը հանցավորության դեմ պայքարելու՝ հայրենի ոստիկաններն իրենք են շատ դեպքերում հանդիսացել հանցագործության աղբյուր այն դեպքում, երբ դերասանական բացառիկ տաղանդով օժտված Վլադիմիր Գասպարյանը բազմիցս էր տարբեր բարձր ամբիոններից ունեցած իր «խիստ» ելույթների միջոցով հասարակության մոտ փորձում տպավորություն ստեղծել, թե իբր համար մեկ ջատագովն է սպայի պատվի, ուսադիրների արժեքի, ոստիկանական համազգեստի: Այդ ելույթները հաճախ այնքան բոցաշունչ էին ու «կրեատիվ», որ երբեմն-երբեմն նույնիսկ դրանցից թևավոր խոսքեր էին ծնվում, շրջանառվում բերնեբերան ու խայտառակում նույն ոստիկանության համբավը՝իրականության ու դրանց միջև եղած հսկայական տարբերության պաճառով. Վովան սիրում էր գունազարդել մռայլ իրականությունն ու փիառվել:
Հայտնի է դարձել, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վ.Գասպարյանի կնոջ և դստեր կողմից ՀՀ ոստիկանական համակարգում գրանցված լինելու, սակայն աշխատանքի չգնալու և աշխատավարձ ստանալու վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում հարուցվել է քրեական գործ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Ակնհայտ է, որ ՀՔԾ-ում Գասպարյանի ընտանիքի անդամների նկատմամբ քրգործի հարուցման փաստը որևիցե կերպ չի տեղավորվում նախկին ոստիկանապետի այն կերպարի շրջանակներում, որը նրա անխոնջ ջանքերի ու փիառի շնորհիվ երկար տարիներ փորձ է արվել կերտել ու մատուցել հանրությանը: Գասպարյանի կինն ու աղջիկը փաստացի զբաղված են եղել ձրիակերությամբ ու պետական բյուջեի միջոցների մսխմամբ՝ «պապայի» թեթև ձեռամբ:
Այս հարցին կոնկրետ ռազմական ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է, բայց, ցավոք, միանգամայն ապարդյուն, իսկ այսօր՝ հեղափոխությունից հետո, կարծես թե այս առումով ինչ-որ բան, այնուամենայնիվ, դրական փոփոխություն է կրել, և Քննչական կոմիտեն, այսպես ասած, հանդգնել է քրեական գործ հարուցել Գասպարյան Վլադիմիրի ընտանիքի նկատմամբ: Իհարկե, սա դեռ սկիզբն է, ու բազմաթիվ հանցագործություններ դեռ պետք է բացահայտվեն՝ հանրությանը տեղյակ պահելու, թե նախկին ոստիկանապետի իմացությամբ ու թույլտվությամբ ինչ կարգի ու ինչ մասշտաբների հանցագործություններ են գործվել ու կոծկվել, ի մասնավորի՝ ինչպես են, օրինակ, մարդկանց անձնական գաղտնիք պարունակող տվյալներ հանրայնացվել, սոցիալական հարթակնում ինչպես են բազմաթիվ ֆեյքերի միջոցով մարդկանց վարկաբեկել, ենթարկել տեռորի՝ ինքնասպանության հասցնելու աստիճան:
Ճիշտ է՝ Վովան է՛լ ոստիկանապետ չէ, սակայն, ցավոք, նրա մնացուկներից համակարգը դեռ լիովին ազատագրված չէ. բազմաթիվ համազգեստավոր հանցագործներ դեռ շարունակում են համակարգում պաշտոնների լինել, ամուր պահել գասպարյանական արատավոր ավանդույթները: Ցանկություն կա հավատալու, որ այդ տարրերին շատ քիչ է մնացել, և մոտ է նրանց՝ արդարադատության առաջ հաշվետվություն ներկայացնելու ժամը:
USArmenianews.com-ը կրկին շարունակում է բացահայտել հայրենի ոստիկանների իրական դեմքը՝ թե՛ նախկին, թե՛ ներկա և թե՛ անցյալից համակարգին ժառանգություն մնացածների: Մենք կշարունակենք հետևել հետագա զարգացումներին, և թո՛ղ բոլորն իմանան, որ արդարությունը թեպետ տկարանում, սակայն երբեք չի մեռնում:
Այս նյութը դիտել են - 6595 անգամ