ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ թույլատրվելու են, միեւնույն ժամանակ հավելելով, որ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրությունը:
Նկատի առնելով գործունեության այն տեսակները, որ թույլատրված էին արտակարգ դրության ժամանակ, եւ նրանք, որոնք թույլատրվում են երկուշաբթի օրվանից, պարզ է դառնում, որ մեծ տոկոսով վերականգնվում է մինչեւ արտակարգ դրությունը գոյություն ունեցող իրավիճակը: Հետեւաբար խոշոր տոկոսով վերացվելու են նաեւ քաղաքացիների տեղաշարժի համար նկատի առնված սահմանափակությունները:Այս նյութը դիտել են - 2912 անգամ
Հարց է ծագում, որ, եթե, իրապես, դեռ նույն թափով շարունակվում է կորոնավիրուսի վտանգը եւ այնպես ինչպես նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր հայտարարել՝ անվերահսկելի է դարձել, ինչի պատճառով էլ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել արտակարգ դրությունը, ի՞նչ իմաստ ունի վերացնել գործունեության որոշ տեսակների արգելքը:
Մեկտեղելով վարչապետի երկու հայտարարությունները, կարելի է եզրակացնել, որ սկսյալ երկուշաբթի ապրիլի 13-ից արտակարգ դրությունը հիմնականում ներառելու է հանրահավաքների ու գործադուլների արգելքը, մամուլի կապակցությամբ գործադրվող սահմանափակություններն եւ ամենակարեւորը՝ հեռախոսազանգերի արձանագրումը:
Փաստորեն, այս փուլում արտակարգ դրությունը ոչ թե նպատակ է ունենալու կանխել կորոնավիրուսի տարածման վտանգը, այլ՝ թիրախավորելու է Հայաստանում անհատական ազատությունները, ինչը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն է տալու արտակարգ դրության անվան ներքո առնվազն մինչեւ մայիսի 14-ն իր վերահսկողության տակ պահել իրավիճակը, կանխելով հասարակական անհանդարտությունների վտանգը: