Միշ,Միշո, Միքայել Աթոյան, կորստիդ ցավից հայրդ ու մայրդ մի բուռ են դարձել, եղբայրդ միանգամից ծերացել է վերահաս վշտից...2020-12-13 00:37:00
Մայոր Միքայել Աթոյան, Միշո, Միշըս: Իմ անգին տղա՝ լավերից լավագույնը, ազնիվներից ազնվագույնը, բարի, հոգատար, պարտաճանաչ, աննկուն կամքի տեր… էս ի?նչ կատարվեց ախր: Էս ո՜նց մոխիր մաղվեց բոլորիս գլխին: Էս ի՜նչ եղավ …
Իսկ դու Էդ ինչքան լավն էիր, որ մեծից փոքր սիրում էին քեզ, էդ ինչքան լավն էիր, որ զինվորներդ ու մարտական ընկերներդ աճյունիդ մոտ արտասվեցին տղամարդու անտանելի, սիրտ մաշող արցունքներով…
Միշ,Միշո, Միքայել Աթոյան, կորստիդ ցավից հայրդ ու մայրդ մի բուռ են դարձել, եղբայրդ միանգամից ծերացել է վերահաս վշտից: Էդ ինչքան լավն էիր, որ կինդ հրաժարվում է հավատալ, որ զոհվել ես, որ էլ չկաս: Ախր ինքը անհայր էր մեծացել, ու դու գիտեիր, որ անասելի վախենում է որբությունից: Ինչու?... ու?մ թողեցիր ձագուկներիդ, երկվորյակ դստրիկներիդ ու փոքրիկ Վիլյամիդ: Ախր էնքա՜ն երազանքներ ունեիր զավակներիդ հետ կապված, ախր իրենք էնքան ուժեղ հենարան ունեին… ԵՎ ո?վ կկարողանա պատասխանել որդուդ՝ քո մասին հարցերին: Ի?նչ ասի ու ինչպե?ս… Որդուդ կպատմեն, որ դիրքերում ես ու հավերժ պահպանելու ես Հայրենիքդ…, բայց հետո՛, հետո ո?նց են բացատրելու հավերժ բացակայությունդ, կասե?ս:
Միշո, Միշ, Միքայել Աթոյան, պատահական չէ, որ դու պիտի ծնվեիր Աթոյանների ընտանիքում: Հերոսներին ծնում են հերոս մայրեր: Այո, հերոս պիտի լինել, որ 50 երկար ու ձիգ օրեր լուռ սգաս որդուդ կորուստը, որպեսզի կինն ու զավակները չիմանան նրա զոհվելու մասին, քանի դեռ աճյունը չի գտնվել: Դաժան իրողություն…
Հերոս տղա, Դու մշտապես առանձնացար նվիրումիդ մեջ, առանձնացար մարդկային վեհ տեսակով, քո արժանիքներով, հոգուդ բարությամբ, ու հոգուդ լույսը մարդկանց բաշխելու պատրաստակամությամբ: Բազմաթիվ մեդալներդ ու պատվոգրերդ լուռ պատմում են քո կերտած կենսագրության մասին, այն մասին, որ Հայրենիքը սիրում են ապրած կյանքով, ողջ էությամբ: Տեսնես բոլոր հերոսնե?րն են քեզ նման լինում: Ախր էնքան ինքնատիպ էիր քո տեսակի մեջ, էնքան հումորով, էնքան ուրիշ:
Քեզ ճանաչողները դեռ շատ կպատմեն քո մասին, գյումրվա համուհոտով իմ լավ Տղա, և դու կդառնաս բոլորինը, դու արդեն բոլորինն ես… Ծնողասեր զավակ,ընտանիքասեր ամուսին ու սիրող հայր, լավ եղբայր,ինչպես էլ որ բնութագրեն քեզ,առաքինի ու պարկեշտ քո էությունը միայն կամբողջանա:
Երանի չլինեիր էսքան լավը, ախր դիմանալու չի կորստիդ ցավը: Երանի քեզ չճանաչողներին, հազա՜ր երանի: Սարսափելի է մտածել, որ էլ չկաս, որ չկան մեր լավագույն տղերքը և հավերժ պարտատեր ենք ապրողներս: Լավագույնները միշտ հեռանում են ժամանակից շուտ, հեռանում են էն ժամանակ, երբ ամենից շատ են մեզ պետք: Այո, ոչնչացավ ազգի լուսավոր սերունդը, և պատասխան չունենք տալու որբացած ու խեղված ճակատագրերով երեխաներին, որդեկորույս ծնողներին,այրիացած կանանց: Ախր էս ի՜նչ եղավ…
Բայց ինչ էլ որ եղավ և ինչ էլ որ լինի, ապագայի մեջ կմնա պայծառ մի անուն՝զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Միքայել Աթոյան, որ երիտասարդ կյանքը դրեց Հայրենիքի զոհասեղանին ու անմահացավ …
Խոնարհվում ենք…
Այս նյութը դիտել են - 4938 անգամ