Ոչ մեկը իրավունք չունի նման անտարբերության մատնելու մարտակերտցիներիս2020-12-23 21:46:00
Ես ցանկանում եմ մարտակերտցիների մասին հոգան համապատասխան կառույցները, դեռ այս ձմռան ցրտին չեմ բարձրաձայնում պատերազմի՝ մեզ հասցված վնասները վերականգնելու մասին, երբ զրկված ենք համացանցից, հեռախոսային կապի միջոցներից...
![](files/3a40cf67f/13317/3984e782bab75.jpg)
Արդեն մեկ ամիս է՝ Մարտակերտում եմ, այս ընթացքում երկու անգամ հնարավորություն եմ ունեցել մտնելու համացանց, այն էլ՝ գիշերներին: Ու՞մ պետք է դժգոհեմ նման վիճակի համար, չգիտեմ: Արդարացումներ չեմ ընդունում, երբ խոստումներ են տալիս՝ այսօրվա-վաղվա հույսով, որ շուտով կվերականգնվի, բայց տեղաշարժ չեմ նկատում, միայն գիտեմ, որ որոշ թաղամասերում այն հասանելի է:
Մնում է ասել՝ եթե ծանոթ-բարեկամի անհրաժեշտություն կա, միանգամից ասե՛ք, այլապես խաբեությունը զենք մի՛ դարձրեք, երբ արդեն մեկ ամիս է՝ տեսանելի չեն հետպատերազմյան իրականությունը վավերագրողիս գրառումները, որ պիտի գիրք դարձնեմ՝ ապտակ հասցնելով ճշմարտությունը խեղաթյուրողներին:
Ինչ գտնվում եմ Արցախում, փոխհատուցում լինի, թե աշխատավարձ, դեռ չեմ ստացել: Ինչու՞ կամ որտեղի՞ց ստանանք, երբ Մարտակերտում Արցախբանկը չի գործում, ուսուցիչներիս քարտերի ժամկետներն էլ վաղուց լրացած են...
Եթե մեր նախկին մեկ ժամվա ճանապարհը երեք ժամ դարձած մի նոր ճանապարհով պիտի հասնենք Ստեփանակերտ՝ մեր հասանելիք գումարը ստանալու համար, ապա ուսուցիչներս անհրաժեշտաբար պետք է մեկ օր մեր աշխատանքը թողնենք, դռնեդուռ ընկնենք...
Ու՞մ իրավասությանն է պատկանում նման հարցերի լուծումը...
Մենք վերադարձել ենք մեր հայրենիքը՝ ապրելու թշնամու հարևանությամբ, որ Արցախ պահենք, ոչ թե թևաթափ լինենք նման անտարբերությունից: Ես նաև ուզում եմ հարցնել՝ եթե ինձ հասանելիք գումարը չեմ կարողանում ստանալ, ապա առայսօր սնվելու համար ի՞նչ օգնություն են ինձ ցուցաբերել՝ որպես քաղաքացի: Գուցե գրե՞մ իմ ստացած առաջին «օգնության» մասին: Ուղղակի ամաչում եմ նշել, բայց վերջերս այս երկրորդ մեկ շնչին հասնող «օգնությունը» անհրաժեշտություն առաջացավ երեք հոգու մեջ բաժանել: Գրելու շատ բան ունեմ, բայց դեռ խնայում եմ ոմանց...
Ոչ մեկը իրավունք չունի նման անտարբերության մատնելու մարտակերտցիներիս:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2319 անգամ