Ընդդիմության դիլեման. հիմա կամ երբեք2022-04-05 09:59:00
Տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ներկա գտնվել ընդդիմության հրավիրած ապրիլհինգյան հանրահավաքին: Փաստն ինքնին ոչ միայն խոստումնալից է ու հուսադրող, այլև, ինչ խոսք, ունի նաև ներկայիս ներհայաստանյան իրականության բնութագրիչը դառնալու իրական ներուժ: Իշխանությունների հասարակական հենարանն էապես թուլանում է, և սա ոչ միայն շարունակական բնույթ կրող իրողություն է, այլև՝ անդառնալի, քանի որ այն ամենին, ինչին ընդունակ են իշխանություններն ի սկզբանե, վաղուց ի ցույց է դրվել, իսկ ունեցած ռեսուրսներն անդառնալիորեն սպառվել են՝ հիասթափեցնելով ու սթափեցնելով հասարակությանը:
Այժմ, առավել քան երբևէ, սուր կերպով արտահայտվում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցը, որ վերածվել է լայն մասսաների շարժիչ ուժի: Ընդ որում՝ այդ ցանկությունն ու գիտակցումն այնքան հզոր են, որ միանգամայն երկրորդական է դարձել ընդդիմադիր դաշտի դերակատարների ու դեմքերի հարցը: Իշխանությունների հականախկինական սև PR-ը՝ համեմված բոլորին ձանձրացրած շուտասելուկային ստատիկ արտահայտություններով, է՛լ ոչ մի ազդեցություն չեն ունենում մարդկանց վրա: Անհերքելիորեն կա պարարտ հող՝ հասնելու այն օրակարգի լրիվ բավարարմանը, որ իր առաջ դրել է ընդդիմությունը:
Միաժամանակ հարկ է հասկանալ, որ վերը նշված հանգամանքերը յուրատեսակ երկսայրի սուր են, որի հետ ճիշտ չվարվելու դեպքում ընդդիմությունը կարող է հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում: Ընդդիմությունն այլևս կանգնած է «կյանք կամ ինքնասպանություն» դիլեմայի առաջ, և նրան դրա առաջ է կանգնեցրել ինքը՝ հասարակությունը:
Փաշինյանի հեռացման մեկնարկն այլևս տրված է բարեհաջող կերպով, և այժմ մնում է միայն հասկանալ, թե որն է լինելու պրոցեսի շարունակությունը, երբ՝ կուլմինացիան, երբ՝ տրամաբանական վերջաբանը՝ պսակված անբեկանելի հաջողությամբ:
Միաժամանակ պետք է հստակ լինի այն, որ հանրահավաքների, դրսում գեներացվող պրոցեսի հիմնական ու միակ թիրախը պետք է լինի բացառապես Փաշինյանի ու նրա կառավարութան հրաժարականի հարցը, քանի որ Հայաստանի փրկությունը բացառապես այս իշխանության հեռացման մեջ է, իսկ այն տեսակետը, թե փողոցային պայքարն ու մարդաշատ ցույցերն առանց իշխանափոխության վերջնարդյունքի էլ կարող են ծառայել պետության ամրապնդմանն ու ասենք արտաքին մարտահրավերների չեզոքացմանը, սին է. Նիկոլ Փաշինյանի կյանքը թեթևացնելու համար չէ, որ տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս՝ անտեսելով երկրորդականն ու արժևորելով գլխավորը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 2122 անգամ