Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական.Հայկուշ Նազինյան2025-03-19 21:57:00

Մի քանի օր առաջ թոռնուհուս ծննդյա օրն էր և որոշեցինք շատ սեղմ, նեղ շրջանակներում նշել վերջինիս ծննդյան օրը Գլենդելի «Կացին,» ռեստորանում։
Ուրախ երգ ու երաժշտության ներքո մեկ էլ նկատեցի օգտատերերից մեկին, որ երկու իրեն հասակակից կանանց հետ թռի֊վռի էր անում, պարում և թռչկոտում էր։
Մի պահ աչքերիս չհավատացի,կարո՞ղ է սխալվում եմ,թե․․․Չէ,ինքն էր,ձեռքով էլ թափահարելով բարևում էր ինձ հեռվից։
Աստված իմ,որքան են մարդիկ խաբուսիկ,իրականում այլ են, վիրտուալ՝ մի այլ։Այս տղամարդը մի յոթ֊ութ տարի առաջ էր կորցրել կնոջը և մինչև հիմա էլ դիմատետրի իր էջը նրա նկարներով էր ողողում,սիրո և հավատարմության կոչերով շաղախում։Եվ ամեն օր նույն երգն էր երգվում նրա մոտ։Ճիշտն ասած,ես այդպիսի խայտաբղետ պատկեր դեռ չեմ հանդիպել այս ֆեյսիկում։Գիտե՞ք, մեկ֊մեկ անգամ սարսափում էի այդ տխուր, մելամաղձիկ էջին հանդիպելուց։ Մտածում էի ինքս իմ մեջ,թե ախր ինչո՞վ ենք մենք՝ օգտատերերը մեղավոր,որ ամեն անգամ նման էջերի հանդիպելիս, կանգնում ենք գլխիկոր մահվան ու կյանքի սահմանագծին,առանց այն էլ անցողիկ ու կարճ այս աշխարհում, երբ մարդկային էակների հանգրվանն ակնթարթային է ու չգիտենք որս երբ և ինչպես պետք է լքենք այս աշխարհը։
Մահացածների հետևից ոչ ոք չի գնում,գիտեմ,ամեն մեկն իր կյանքն ունի և ճակատագիրը,բայց․․․
Այս մարդուն,որ շատերը կիմանան ֆեյսիկից, բացի կնոջ նկարներից և «Աստվածաշնչից» հատվածներ տեղադրելուց,ուրիշ որևէ բան առ այսօր չեք հանդիպի։Իսկ ես էլ, միամիտս,այնքան էի խղճում այդ մարդուն,որ այդպես դառնագին ու վշտալի օրեր է ապրում և ոչ մի մխիթարություն չունի։Բայց, պարզվեց՝ հակառակը։
Վիրտուալ աշխարհը բոլորովին այլ է՝ խաբուսիկ ու դերասանական,այս մարդը առողջ, կենսունակ ու հրաշալի տեսք ուներ և վայելում էր իր կյանքը։Բայց ինձ համար մինչև հիմա էլ անհասկանալի է մնում նրա այդ վարքագիծը,ինչու՞ էր գերեզմանոց սարքել դիմատետրի իր էջը,ինչու՞․․․Միգուցե մարդկանց մոտ բարոյական բարձր արժեքներ դրսևորողի օրինա՞կ հանդիսանար,թե․․․․
Haykush Nazinyan
Այս նյութը դիտել են - 385 անգամ