Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք.Նատաշա Պողոսյան2025-03-30 21:35:00

Արցախցիների երեկվա հանրահավաքը անհրաժեշտություն էր, պահանջ, ապրելու կանչ, գոյության պայքար, ընբոստության ալիք, զգոնության կոչ, որ հազարավոր արցախցիների իրավունքներ խախտված են մայր հայրենիքում։
Ո՞վ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, որին հաջորդեցին շրջափակման իննամսյա աղետները, 24-ժամյա պատերազմի ավերածությունները, այնքան մարդկային կորուստները... Ու պարտադրված եղանք բռնագաղթել, որպեսզի չցեղասպանվենք։
Այդ ո՞ր մի արցախցին կթողներ իր հայրենիքը, իր տունուտեղը, իր գերեզմանները, եթե ՀՀ իշխանությունների թիրախում չհայտնվեինք։ Հիշեցնեմ, թե ինչպես էին կանչում` «անջատում` հանուն փրկության»։ Ումի՞ց էին անջատվում, Արցախից, որ փրկեն մայր Հայաստանը։

Արդեն մեկուկես տարի է, ինչ այստեղ ենք, արցախցիներիս մտահոգություններին ավելացել է Հայաստանի ճակատագիրը, երբ թշնամու ախորժակը բաց է, իշխանություններն էլ սովոր են նրանց բոլոր պահանջները կատարել։
Երեկ հանրահավաքին մասնակցում էին տարբեր մարզերից և մայրաքաղաքից բազմաթիվ հայաստանաբնակներ, և որքա՜ն ողջունելի էր, որ նրանք կանգնել էին արցախցիների կողքին։
Հանրահավաք կազմակերպել արցախցիների բազմաթիվ մտահոգիչ հարցերի շուրջ, դա չի նշանակում պառակտել ժողովրդին, իսկ այդ հարցում առաջատար դիրքում է իշխանական թիմը` իր համակիրներով։
Իշխանություններին ներկայացվել է 12 պահանջ։ Արցախցիների մեկշաբաթյա նստացույցը ժամանակի առումով հնարավորություն կտա կառավարությանը` նորից վերանայելու այն բոլոր խնդիրները, որոնք առիթ են դարձել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հանրահավաքի կազմակերպմանը։
Նստացույցն այսօր ուղեկցվում էր արցախցի մայրիկների ու նրանց բալիկների ակցիայով կառավարական ամառանոցի մոտ։ Հետևենք իրադարձություններին` սպասելով իշխանությունների արձագանքին։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 226 անգամ