Քաոս՝ կալանավայրերում
2025-04-08 13:12:00
Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում օրերս արձանագրված աղմկահարույց դեպքերի մասին: Ծեծուջարդի պատճառ է դարձել այն, որ դատապարտվածներից մեկը «Доля воровская» երգն է երգել: Այս մասին իրավապաշտպաններից մեկն է տեղեկացրել, իսկ ահա քրեակատարողականի աշխատակազմը շտապել էր հերքել այս տեղեկությունը՝ չտալով մի շարք հարցերին համոզիչ բացատրություններ:
Ինչպես հայտնի է, ոլորտը համակարգվում է Արդարադատության նախարարության կողմից, որի նոր ղեկավարին մի քանի ամիս առաջ է Փաշինյանը նշանակել: Նախարար Սրբուհի Գալյանը, առանց դեպքի մանրամասներին ծանոթանալու, շտապել էր արդարցնել տեղի ունեցածը՝ պնդելով՝ որևէ լիազորության գերազանցում չի ֆիքսվել:
Անշուշտ, ոչ միայն «Նուբարաշենում», այլև մյուս բոլոր քրեակատարողականներում վիճակն օրհասական է: Փոխարենը զբաղվելու ոլորտի խնդիրներով, բաց մնացած հարցերի լուծմամբ ու հանրային հնչեղություն ստացած դեպքերի բացահայտմամբ, Սրբուհի Գալյանն առնվազը շաբաթական մի քանի անգամ նոր Սահմանդարություն ընդունելու անհրաժեշտությունից է խոսում՝ միաժամանակ չմոռանալով պնդել, թե դա կապ չունի թշնամի երկրի ներկայացրած պահանջի հետ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը պայմանավորում է նաև նոր Սահմանադրություն ընդունելով:
Ինչի՞ հետևանք է կալանավայրերում առկա այս ճգնաժամային վիճակը, ֆինանսավորմա՞ն, բայց չէ՞ որ իշխանությունները փողի պրոբլեմ չեն ունենում, երբ խոսք է գնում ասենք պարեկներ բուծելու կամ բուծվածների սոցիալական պահանջներն ըստ արժանվույնս լուծելու մասին: Հիմա էլ կոչ են անում բոլոր 18 տարին լրացած քաղաքացիերին դառնալ պարեկ, վերցնել մահակն ու իբր կարգ պաշտպանել, ինչը հավելյալ միլիարդների ծախս է ենթադրում:
Ըստ երևույթին, քրեակատարողական հիմնարկների խնդիրներին իշխանոթյունը բավարար ուշադրություն չի դարձնում, քանի որ այդ հարցը չունի քաղաքական արժեք: Չէ՞ որ կալանավորները չեն կարող ցույցեր ցրել կամ ձայներ բերել ՔՊ-ի համար ընտրոթյուններում, հետևաբար՝ ինչո՞ւ ավելորդ փողեր վատնել:
Այս նյութը դիտել են - 256 անգամ