Հովհաննես Հովսեփյանը և Արգամ Աբրահամյանը համատեղ են որոշում թե ում, որտեղ նշանակեն հարկայինի պետ...
2016-03-29 04:43:00

Մեր տեղեկություններով՝ նրա կողմից իրականացվող կադրային քաղաքականությունն ուղղված է ոչ այնքան պետական, որքան սեփական բյուջեի համալրմանը: Տարածքային հարկային մարմինների ղեկավար նշանակելը բավական լուրջ փող արժե, և հարկայինի այն բոլոր պետերը, ովքեր հայտարարում են, որ ի վիճակի չեն կատարել և գերակատարել իրենց վրա դրվող պլանները, փոխարինվում են նրանցով, ովքեր պատրաստ են բավարարել Հովսեփյանի անձնական պահանջները:

Հովսեփյանը այս գործում սերտորեն համագործակցում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հետ: Հովհաննես Հովսեփյանը և Արգամ Աբրահամյանը համատեղ են որոշում թե ում, որտեղ նշանակեն հարկայինի պետ, հարկային ու մաքսային մարմինների ղեկավարները մինչև նշանակման վայրեր գնալը նախ գնում են Արտաշատ քասթինգի և հետո միայն անցնում աշխատանքի:

Երջանկությունը հավերժ չի լինում, և Հովսեփյանն էլ չի կարող հույս ունենալ, որ այս պաշտոնում իր գործունեությունը կարող է երկար շարունակվել: Բայց Հովսեփյանը պետք է փորձի օգտագործել այդ կարճ ժամանակը, կուտակային կենսաթոշակային հիմնադրամում լուրջ գումար կուտակելու համար՝ այն հաշվարկով, որ բավականացնի երջանիկ ծերության համար:Հովհաննես Հովսեփյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց բավական հետաքրքիր մի ժամանակաշրջանում: Հայաստանի տնտեսությունը հազիվ է շնչում, և տնտեսվարողների վիճակը այնքան վատ է, որ նրանք չեն կարողանում վճարել հարկերը: Չնայած դրան, պետությունը պետք է կատարի իր սոցիալական պարտավորությունները, որովհետև եթե պետությունը չվճարի թոշակներ, նպաստներն ու աշխատավարձերը, ապա կարող է ճանաչվել անվճարունակ և ենթարկվել հարկադիր լուծարման:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղյակ էր իրերի վիճակին և ոչ հրապարակային բողոքում էր, որ եթե տնտեսական վիճակը չբարելավվի, տարվա կեսից երկիրը կարող է իրոք հայտնվել մի վիճակում, որ այդ պարտավորությունների կատարումը կդառնա անհնարին: Ավելի շատ փող հավաքելու համար կարելի էր դիմել ռեպրեսիվ մեթոդների, սակայն Գագիկ Խաչատրյանը հասկանում էր, որ դա ընդամենը կարճաժամկետ էֆեկտ կարող է ապահովել, և Հայաստանի տնտեսությունը նմանվել է սպունգի, որն այն աստիճան է քամվել, որ սեղմելու տեղ այլևս չի մնացել:

Հովհաննես Հովսեփյանը երևի խոստացել է, որ ինքը գիտի սպունգը ավելի ուժեղ սեղմելու և նրանից ավելի շատ հեղուկ կորզելու գաղտնիքը: ՊԵԿ ղեկավար լինելու շատ կարճ ժամանակահատվածում Հովսեփյանը ապացուցել է, որ իսկապես կարող է այնպես պատին դեմ տալ տնտեսվարողներին, որ նրանք գնան ինքնաոչնչացման ճանապարհով: Բնականաբար, Հովսեփյանը դա անում է իր ենթակաների՝ տարածքային հարկային տեսչությունների և մաքսային ծառայությունների միջոցով:

Ոչ բոլոր հարկային ծառայությունների ղեկավարներն են պատրաստ մարդկանց դրդել ինքնաոչնչացման, բայց Հովսեփյանին դա չի հետաքրքրում, և նա համակարգում սկսել է իսկական կադրային ջարդ՝ փորձելով գտնել այն եզակիներին, որոնք կարող են իրականացնել այն, ինչի անընդունակ են մյուսները՝ զուտ էթիկական կամ հումանիստական նկատառումներից ելնելով: Մեր տեղեկություններով՝ Գյումրիում, Վանաձորում և հարկայինի այլ տարածքային կառույցներում հեռացվում են բոլոր նրանք, ովքեր համարում են, որ տնտեսվարողներից ավելի շատ փող հավաքելը անհնար և վտանգավոր գործ է, ովքեր համարում են, որ հնարավոր չէ հարկերի բարձրացված պլանները կատարել և գերակատարել:

Ավելին՝ Հովհաննես Հովսեփյանը իր մեջ բացահայտել է հնագետին և հայտնաբերել այն տնտեսվարողներին, որոնք գործել են տարիներ առաջ և հնարավոր է՝ չեն կատարել իրենց հարկային պարտավորությունները: Օրինակ՝ հայտնի են դեպքեր, երբ 10 և նույնիսկ ավելի երկար ժամանակ չգործող ՍՊԸ-ներին ներկայացվում են հաշիվներ չվճարված հարկային պարտավորությունների մասին:

Եթե այսպես գնաց, շուտով Հովհաննես Հովսեփյանի ղեկավարած կառույցի աշխատակիցները կարող են հարկային հաշիվներ ներկայացնել Տիգրան Մեծի ժամանակաշրջանում չվճարված հարկերի գանձման վերաբերյալ: Ի վերջո, եթե կա դատարան և հարկադիր կատարման ծառայություն, ապա կարելի է գումարներ բռնագանձել նաև 2 հազար տարի առաջ գործունեություն ծավալած տնտեսվարողներից և նրանցից պահանջել կատարել իրենց պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ:

Հնարավոր է՝ Հովսեփյանը Հայաստանի պետական բյուջեն չհամալրի լրացուցիչ միջոցներով, նույնիսկ եղածն էլ վերացնի և մի քանի ամիս հետո հայտարարի, որ ինքն այլևս անզոր է նույնիսկ տեռորի միջոցով փող հավաքել: Բայց նա պետության համար փող հավաքելուն զուգահեռ լուծում է նաև իր անձնական հարցերը, իսկ այս հարցում հաջողություններն արդեն ակնհայտ են:
Այս նյութը դիտել են - 1488 անգամ