Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովն այսօր հավաքվել էր քննարկելու լրագրողական երեք կազմակերպությունների դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԱԺ-ի նիստի ժամանակ լրագրողներին «նախիր» էր անվանել, որից հետո հայհոյել էր իրենից պարզաբանում խնդրող լրագրողին: Եվ ահա Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի խումբը պիտի դատավճիռ սահմաներ գռեհիկ պատգամավորի համար:
Իբրև կարևորագույն գործողություն հավաքվածները դիտեցին միջադեպի տեսանյութը՝ հասկանալու համար՝ իրականում պատգամավորը լրագրողին հայհոյե՞լ է, թե ոչ: Եվ հանկարծ պարզվեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները, բացառությամբ Թևան Պողոսյանի, չեն լսում ոչ մի հայհոյանք: Մի գերբնական ուժի ազդեցության ներքո նրանք կորցրել էին իրենց լսողությունը՝ այն դեպքում, երբ նույն տեսանյութն օրեր շարունակ դիտել էին համացանցի հազարավոր օգտատերեր և ոչ մեկի մոտ կասկածներ չէին առաջացել:
Ասենք ավելին, հետո պարզվեց, որ Խոսրով Հարությունյանի «սաները» որոշեցին, որ տեսանյութն իբրև փաստացի հիմք չեն կարող ընդունել, որովհետև, ըստ նրանց, դա վիճարկելի է։ Խոսրովն էլ անմիջապես դա հաստատեց ու սկսեց պնդել, թե եղած նյութը երկիմաստ է, իմաստ չունի դա դիտարկել և պետք է լրացուցիչ հանգամանքներ ևս ուսումնասիրել, իմանալու արդյոք հայհոյել է, թե՞ ոչ:
Ահա թե ինչպիսի բան է վախը: Թոխմախի Մհերի սարսափից մի խումբ մարդիկ կորցրեցին ինչպես համարձակություն, արժանապատվություն, ազնվություն, այնպես էլ իրենց լսողությունը: Եվ Էթիկայի հանձնաժողովի նիստը մի վայրկյանում վերածվեց խուլերի միավորման խորհրդակցության: